Երեկ աշխատանքային այցով Բելգիա մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հետ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը: Կարևորվել է Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումը: Անդրադարձ է եղել Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման Հայաստան-Եվրամիություն բանակցություններին, մարդկանց տեղաշարժի դյուրացման, ինչպես նաև մեր երկրի բարեփոխումներին աջակցելու ձևաչափի շուրջ ԵՄ-ի հետ ծավալված երկխոսությանը:
Սերժ Սարգսյանը, վերահաստատելով Եվրոպական միության հետ Հայաստանի սերտ համագործակցության պատրաստակամությունը, ընդգծել է, որ անկախացումից ի վեր ԵՄ-ի հետ մեր երկրի մերձեցումը և եվրաինտեգրման քաղաքականությունը եղել և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը:
Կողմերն անդրադարձել են մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին: Քեթրին Էշթոնը նշել է, որ կարևոր է շարունակել Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխումները, թեև կայացած խորհրդարանական ընտրությունները, տիկին Էշթոնի խոսքով, լավագույնն էին Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում: