Երեկ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները (գուցե հերթական օբյեկտի անվտանգության աշխատակիցները) դաժան ծեծի են ենթարկել 81 համարի երթուղու աշխատակցին: Երթուղու վարորդների հավաստմամբ` Սմբատ անունով իրենց գործընկերն ընդամենը համարձակվել էր մեքենան «փախցնել»` տրոլեյբուսին չհարվածելու համար, սակայն այդտեղով անցել էր Հայրապետյանի թիկնապահն իր 20 ՏՕ 888 համարանիշի «Տոյոտա» ջիփով ու խիստ զայրացել կատարվածից: Անմիջապես իջել էր մեքենայից ու սկսել դաժան ծեծի ենթարկել Սմբատին, թե «դու ով եղար, որ մեքենա քշես իմ վրա»:
Երեկ «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ 20 ՏՕ 888 համարանիշի «Տոյոտա» ջիփը գրանցված է Ավան վարչական շրջանի Թամրուչի 8 հասցեում` Արայիկ Մեխակյանի անունով:
Թերթի տեղեկություններով` երեկ մեքենայի տերն արդեն հրավիրվել է ոստիկանություն:
«Ժողովուրդը» նշում է, որ Հայրապետյանի կողմնակիցները ոտք ու ձեռք ընկած փորձել են մարդիկ գտնել, որպեսզի ծեծված Սմբատը դուրս գա, աշխատի ու, եթե անհրաժեշտ է, ոստիկանությունում ցուցմունք տա, թե ծեծ չի եղել, ընդամենը թեթև վիճաբանություն: