Դերասանուհի Նելլի Խերանյանը բարձր է գնահատում քաղաքացիական շարժումները, մասնավորապես, Մաշտոցի պուրակի համար պայքարող երիտասարդների գործը, Թեղուտի համար տարվող պայքարը, «Հարսնաքարում» տեղի ունեցածի մեղավորներին պատժելուն ուղղված նախաձեռնությունը: «Գուցե կան որոշակի հոսանքներ այդ պայքարում, միևնույն է, լավ բան են անում»,- նկատել է Խերանյանը:
Epress.am-ի հարցին, թե որ դեպքում է հնարավոր, որ անձամբ ինքը միանա քաղաքացիական պայքարին` դերասանուհին ասել է, որ իր հարցազրույցներում անդրադառնում է հասարակությունում առկա խնդիրներին:
«Թիկնապահի ինստիտուտ չկա: Կան մարդիկ, որ չգիտեն, որ թիկնապահը մարդ ծեծելու համար չէ, այլ պաշտպանելու: Մարդիկ աբորիգենի պես են փողոցն անցնում, չգիտեն, որ կանաչ լույսի դեպքում կարող են փողոցն անցնել: Մենք` ամեն մեկս, պետք է սկսենք մեր երեխաներին դաստիարակելուց»,- ասել է Խերանյանը:
Երաժիշտ Վահան Արծրունին էլ նկատել է, որ Հայաստանում գործող իրական արվեստագետները բոլորն էլ քաղաքացիական ակտիվություն ցուցաբերում են: Ինքը, մասնավորապես, ասել է, որ արվեստի արսենալով է միանում պայքարին, օրինակ, Մաշտոցի պուրակին աջակցելու նպատակով բարեգործական համերգ է ունեցել:
Լուսանկարը՝ ladynews.am-ի