Եթե ոստիկանությունը հետևողական չլինի, ապա Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարին կդիմի դատախազություն` բողոքարկելու համար ոստիկանության անգործությունը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը՝ Գասպարին:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ԱԺ հետնամուտքի մոտ Վարդգես Գասպարին միանձնյա բողոքի ակցիա էր անցկացնում հունիսի 17-ին «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած միջադեպի մեղավորների դեմ: Գասպարին հարցազրույց տալիս է եղել իր ակցիայի մասին, երբ նրան մոտեցել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և խլել «Ռուբեն Հայրապետյանը՝ մարդասպան» գրությամբ պաստառը: Մի քանի վայրկյան անց Գասպարիին է մոտեցել նաև Ալեքսանյանի թիկնապահը և գետնին տապալել նրան:
Ակտիվիստը դիմել է ոստիկանություն, և կատարված միջադեպի առնչությամբ ոստիկանությունում սկսված հետաքննությունը դեռևս շարունակվում է:
«Այս պահի դրությամբ դեռ ոչ մի նորություն չունեմ: Միայն մի անգամ այս ընթացքում հրավիրել են, բացատրություն եմ տվել, հետո փորձաքննություն են նշանակել, փորձաքննությանը գնացել եմ: Բայց եթե մեկ ամսվա մեջ նորություն չլինի, ես կշարունակեմ անել հաջորդ գործողությունները», – ասել է Վարդգես Գասպարին: