Վաղը՝ հուլիսի 25-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով նախնական դատական նիստը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի բողոքի համար հիմք է հանդիսացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից իրավապաշտպանի հասցեին արած հայտարարությունը, որով նա, ըստ հայցոր կողմի, արատավորել է Սաքունցի պատիվն ու արժանապատվությունը:
Ինչպես հաղորդում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, մայիսի 25-ի Հանրային հեռուստաընկերության «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը, մասնավորապես, ասել է. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց, չգիտես ինչի, հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ-որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ, ու բռնեց, դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում ֆեդերացիան էլ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գռանտները ստանում են, իրանց գռանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»:
Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը 2012 թ. հունիսի 15-ին ուղարկած հայցադիմումում նշել է, որ «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ժամանակ Ռուբեն Հայրապետյանի կողմից նշված «Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ» արտահայտությունը արատավորում է Արթուր Սաքունցի պատիվն ու արժանապատվությունը:
Հայցվոր կողմը դատարանից պահանջում է Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Արթուր Սաքունցից: