Դատապարտյալների հիվանդանոցից Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ տեղափոխված Սուրեն Կիրակոսյանը, ով շուրջ երեք օր է՝ կրկին հացադուլ է հայտարարել, պահանջում է վերանայել դատավճիռն ու իրեն ազատ արձակել: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Սուրենի մայրը՝ Զվարթ Կիրակոսյանը (լուսանկարում), ով ընդգծել է, որ տղան շատ վրդովված է դատավճռից ու անընդհատ հարցնում է՝«Ախր, ես ինչ եմ արել, ես հիվանդ եմ, ո՞ր մեղքիս համար են ինձ դատապարտում»:
Շուրջ մեկ տարի «Գորիս» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող զինծառայող Կիրակոսյանը առաջին հացադուլը հայտարարել էր ապրիլին, ինչը տևել էր 52 օր, իսկ հունիսի 12-ին նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման:
«Սուրենի հացադուլի մասին ես իմացել եմ երեկ, երբ մյուս տղաս ուտելիք էր տարել նրան», – ասել է Սուրենի մայրը:
Նրա խոսքով՝ ինքը օրեր առաջ զանգահարել է Քրեակատարողական բուժվարչություն ու խնդրել կազմակերպել որդու ստամոքսի հետազոտությունը:
«Ասացի՝ ստամոքսը նկարեք, Սուրենը առաջին հացադուլից հետո ստամոքսի խնդիրներ ունի, ինձ պատասխանեցին, թե՝ չէ, բժիշկները վախենում են, կարող են նկարելուց վնասել: Ես էլ ասացի, որ դուք ասել եք, թե առողջացումով ուղարկել եք Նուբարաշեն, որ ինքը ապաքինվի: Զարմանում եմ, ո՞նց պիտի այդչափ հյուծված մարդը ապաքինվի մեկուսարանում: Ի՞նչ է, որդիս միշտ պետք է մեկուսարաններում ապաքինվի՞: Բուժվարչությունից ասացին, թե կկազմակերպեն, ու մինչ օրս ոչ մի բուժօգնություն, ոչ մի դեղորայք, ոչ էլ տեղափոխեցին հիվանդանոց», – ասել է Կիրակոսյանը:
Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում զինվորի մայրը պատմել էր, որ ոչ մի բժշկական օգնություն չստանալով` որդին դիմել է փախուստի` դրանում տեսնելով միակ փրկությունը: Նրան` մեկ տարի 27 օր փնտրելուց հետո (որից 5 ամիսը զինծառայողը տանն է անցկացրել) հայտնաբերել են և մեղադրանք առաջադրել ծառայությունից խուսափելու համար: Արդեն մեկ տարի է` Սուրենն անազատության մեջ է: Մոր խոսքով` նրա պահանջը մեկն է եղել` բուժել իրեն, ինչից հետո նա պատրաստ է շարունակել ծառայությունը: