Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը այսօր բաց նամակ է ուղղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ խնդրելով նրան հորդորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս անկախության տոնի կապակցությամբ ներման կամ համաներման միջոցով անդրադարձ կատարվի նաև ցմահ դատապարտվածների` մասնավորապես առաջին դատվածությամբ, արդեն տասնհինգ տարի և ավելի պատիժը կրող անձանց ճակատագրերին:
Նամակում նախաձեռնությունը հիշեցնում է, որ հոգևոր առաջնորդների կողմից նման քայլերը հաճախ են արվում:
«Ռամադանի տոնի առիթով Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին համաներում է հայտարարել: Իրանի Դատական համակարգի նախագահ Սադիգ Ամոլի Լարիջանին գրավոր դիմել է նրան` խնդրելով հոգևոր առաջնորդին համաներում հայտարարել մի շարք քաղաքական, ռազմական ու քաղաքացիական հանցագործությունների համար: Այս տարվա գարնանը Սուրբ Զատկի կապակցությամբ ներում հայտարարվեց նաև հարևան Վրաստանում: Ներումների վիճակագրությունը ուսումնասիրելով` տեղեկացանք, որ եվրոպական երկրներում` Դանիայում, Հոլանդիայում, ներման ինստիտուտը պարբերաբար գործում է ու տարածվում հենց ծանր հանցագործությունների համար մեղադրված անձանց վրա: Օրինակ` Դանիայում ցմահ դատապարտյալին թագավորը կամ թագուհին 12 տարի անց կարող է ներում շնորհել` 5 տարվա փորձաշրջանով», – ասված է նամակում: