«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արձագանքել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությանը, թե իրեն ստիպել են ԱԺ ընտրություններում ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում: «Բանդիտների երկրում ենք ապրել, նորությո՞ւն եմ ասել: Ոչ ոք իրավունք չունի այս երկրում մտածելու: Ես ինչի՞ համար էի առաջադրվել, որ ինքնաբացարկ հայտարարե՞մ: Ստիպել են», – ավելի վաղ «Առավոտի» հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը:
«Այն, որ Հմայակ Հովհաննիսյանը ներկայացված է եղել ԲՀԿ համամասնական ցուցակում, բնականաբար, եղել է Գագիկ Ծառուկյանի առաջարկով, և այլ կերպ չէր էլ կարող լինել, և այս մասով Հմայակ Հովհաննիսյանը չի ստում: Ինչ վերաբերում է մնացյալին, ապա սույն գործիչը կարող էր մինչև վերջ անկեղծ լինել և խոստովանել, թե որո՞նք էին իրական պատճառները, որ վերջինս ինքնաբացարկի դիմում գրեց» – ասված է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի տարածած հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության՝ պատճառն այն էր, որ հերթական անգամ, ինչպես իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում, Հմայակ Հովհաննիսյանը բացահայտեց քաղաքական լարախաղացի իր հմտությունները՝ փորձելով մանևրել քաղաքական տարբեր ուժերի միջև։
«Բնականաբար, կան այս ամենի փաստական ապացույցները, որոնք ներկայացվել են հենց իրեն, և Հմայակ Հովհաննիսյանը, իր քաղաքական անպարկեշտությունն ապացուցող լրջագույն փաստերի ներքո, լուռ և ինքնակամ ներկայացրել է ինքնաբացարկի իր դիմումը։
Իհարկե, Հմայակ Հովհաննիսյանի դեպքում քաղաքական պարկեշտությունից խոսելը երևի թե ավելորդ է, սակայն մարդ առնվազն տարրական երախտագիտության զգացում պիտի ունենա իրեն մշտապես և տևականորեն անշահախնդիր ֆինանսական և նյութական աջակցություն ցուցաբերած, իրեն քաղաքական դիակ դառնալուց փրկելու փորձեր արած գործչի հանդեպ։ Սակայն, երևի թե ճիշտ է հայտնի այն իմաստնությունը, որ քաղաքական անբարոյականությունը քրոնիկ ախտորոշում է, և ինչպես պարզվեց Հմայակ Հովհաննիսյանի դեպքում՝ անբուժելի», – ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Առավոտի» հարցին՝ , թե ինչ միջոցներով են Հովհաննիսյանին ստիպել ընդգրկվել ցուցակում` ծեծո՞վ` նա պատասխանեց. «Հայաստանին յուրահատուկ միջոցներով: Դուք շատ լավ էլ հասկանում եք` ինչ կա իմ այդ արտահայտության տակ: Պարզից էլ պարզ է: Եթե մարդու մեքենան կողոպտում են, գործ են հարուցում, մարդու վրա հարձակվում են, տուժողից դարձնում են մեղադրյալ, այդ իրավիճակում հոժար կամքով մարդը մանդատից կհրաժարվի՞: Ո՞վ ասեց` ծեծել են, չէ ինձ չեն ծեծել: Եթե մարդու դեմ 3 դատական գործ է հարուցվում, ի՞նչ է, այդ մարդը խելագա՞ր է, որ մանդատից հրաժարվի եւ ընկնի ոստիկանների ձեռը, ինչպես ինձ հետ է տեղի ունեցել: Ի վերջո կա ողջամտության կանխավարկած: Իմ դեմ ընտրարշավի ընթացքում 3 գործ է հարուցվել` որպես պատգամավորության թեկնածու, միասնական շտաբի կազմակերպիչ` ես ենթարկվել եմ բիրտ ճնշումների, հալածանքների: Բնականաբար, ես ենթադրում էի, որ պաշտպանված կլինեմ մանդատով, որը ինձ կտա ժողովուրդը, բայց դրանից հետո հանկարծ եթե ես հրաժարվում եմ մանդատից, հասկանում եք, չէ՞, որ ընկնեմ դատախազների ու ոստիկանների դուռը, ինչպես հիմա՞: Ես ստորագրություն եմ տվել` քաղաքից չբացակայելու համար, իմ ազատությունը սահմանափակված է այս պահին: Դե թող Օսկանյանը հրաժարվեր մանդատից, թող հրաժարվեր, որ զրկվեր անձեռնմխելիությունից և իրեն քաշ տային դատարաններով ու դատախազությունով»: