Գյումրիի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը նախօրեին հեռախոսով վիրավորել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցուհուն, այսօրվա իր համարում գրում է «ՀԺ»-ն:
Թերթը նշում է, որ թղթակցուհին ընդամենը զանգահարել էր Սամվել Բալասանյանին` մի իրադարձության շուրջ փաստեր ճշտելու նպատակով, այսինքն` գործել էր իր մասնագիտական պարտականությունների շրջանակներում:
«Որոշ ժամանակ անց Բալասանյանը միջնորդների միջոցով թղթակցուհուն փոխանցել է, թե նման բան չի եղել, երևի թյուրիմացություն է տեղի ունեցել, ինքը ուրիշ բան է ցանկացել ասել, բայց իրեն ճիշտ չեն հասկացել և այլն, և այսպես շարունակ: Համենայնդեպս, սա են փոխանցում միջնորդները: Հնարավոր համարելով այդ տարբերակը, նույն միջնորդներին առաջարկեցի, որ Սամվել Բալասանյանը այդ ամենը հեռախոսով անձամբ ասի թղթակցուհուն, որով և միջադեպը կհամարեինք հարթված: Այդպես էլ զանգ չհնչեց, ինչը նշանակում է, որ Բալասանյանը ճիշտ և տեղին է համարում երիտասարդ աղջկան վիրավորելը», – գրում է «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Հայկ Գևորգյանը:
Վերջինս նշում է, որ, ամենայն հավանականությամբ, Սամվել Բալասանյանին դուր չեն եկել թերթում նրան «նվիրված» մի քանի հրապարակումներ:
«Դե, Բալասանյանը երևի չի ուզում անդրադառնանք այն պատմությանը, թե ինչպես ինքը մի «պայծառ» օր ՕԵԿ-ից ցատկեց ԲՀԿ: Չի ուզում մեր ընթերցողին տեղեկացնենք, որ, ըստ իր ներկայացրած պաշտոնական փաստաթղթերի, ինքը ոչ մի կապ չունի Գյումրիի գարեջրի գործարանի հետ, և որ այդ գործարանի տարածքում վեր է հառնում իր կիսանդրին: Բալասանյանը ուզում է` բոլորս հավատանք, որ իր հայտարարագրում գրված 1977 թվականի արտադրության «Մոսկվիչ Մ 2140»-ը իր միակ ավտոմեքենան է: Սամվել Բալասանյանն իրեն համարում է քաղաքական չափազանց լուրջ գործիչ, Հայաստանի «քաղաքական էլիտայի բաղկացուցիչ մաս, բացառիկ քաղաքական արժեք: Երիտասարդ աղջկան անտեղի վիրավորելու ընդունակ անձն իրականում հասարակության մեջ ունի նույն կարգավիճակը, ինչ՝ Բալասանյանի հայտարարագրած «Մոսկվիչ Մ 2140»-ը՝ մեքենաների «հանրության» մեջ: «Մոսկվիչին» կարող է թվալ, թե երբ ինքն ավտոտնակում է, աշխարհում երթևեկությունը կանգ է առնում: Բայց միևնույնն է՝ դա «Մոսկվիչ է», որին պետք է վերաբերվել ինչպես «Մոսկվիչի»՝ նվազագույնը էկոլոգիան աղտոտող ջարդոն, առավելագույնը՝ էկզոտիկա կամ թանգարանային նմուշ: Մեր հասարակության դժբախտություններից մեկն էլ երևի այն է, որ «Մոսկվիչին» երբեմն կարող է վերաբերվել այնպես՝ իբր «Մերսեդես» է»,- նշում է Գևորգյանը:
Արձագանքելով «ՀԺ»-ի խմբագրի հոդվածին՝ Սամվել Բալասանյանի մամուլի ծառայությունն այսօր առավոտյան հաղորդագրություն է տարածել, որում նշված է, թե Սամվել Բալասանյանի կողմից թղթակցին վիրավորելու պնդումը չի համապատասխանում իրականությանը:
«Իր բազմամյա քաղաքական գործունեության ընթացքում պարոն Բալասանյանը որևէ լրագրողի հանդեպ երբևիցե չի հնչեցրել վիրավորական արտահայտություն: Միաժամանակ կոչ եմ անում «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությանը, ով ամենայն հավանականությամբ ոչ դիտավորությամբ և ակամայից հայտնվել է ապատեղեկատվություն տարածողի դերում, շտկելու համար ստեղծված վիճակը հանրության սեփականությունը դարձնել լրագրողի և պարոն Բալասանյանի խոսակցության ձայնագրությունը, հակառակ պարագայում կձեռնարկվեն համապատասխան քայլեր` խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ», – նշված է հայտարարության մեջ: