Փարիզում Թուրքիայի դեսպանը քննադատել է Ֆրանսիային Հայոց Ցեղասպանության մասին գլուխներ պատմության և աշխարհագրության դասագրքերում ընդգրկելու մտադրության համար՝ հայտարարելով, որ այս նախաձեռնությունը նախորդ նախագահ Նիկոլա Սարկոզիի գործողությունների հետևանքներն են: Դեսպան Թահսին Բուրչուօղլուն Cihan գործակալության հետ զրույցում ասել է, որ Թուրքիան անհանգստացած է այն փաստով, որ Ֆրանսիայի Կրթության նախարարը մտադիր է Հայերի Ցեղասպանության մասին գլուխները ներառել միջնակարգ դպրոցի դասագրքերում:
Հիշեցնենք, որ կիրակի Sabah պարբերականը հաղորդել էր, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը որոշել է Հայոց Ցեղասպանության մասին գլուխներն ընդգրկել պատմության և աշխարհագրության դասագրքերում:
Այս նոր նախաձեռնությունը կարող է կրկին սրել Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները, որոնք մինչ այս էլ հարթ չէին Ցեղասպանությունների մասին օրինագծի պատճառով: Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատը օրինագիծ ընդունեց, որը պատիժ էր նախատեսում Հայոց Ցեղասպանությունը ժխտողների համար: Երկրի Սահմանադրական խորհուրդը ավելի ուշ չեղյալ էր հայտարարել տվյալ օրինագիծը: