Այսօր՝ օգոստոսի 30-ին, Անհայտ կորածների միջազգային օրն է, որը Հարավային Կովկասի երեք երկրներում առաջին անգամ նշվել է 2004 թվականին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից:
Ինչպես հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, անհայտ կորածների և նրանց ընտանիքների խնդիրները լուծելու նպատակով դեռևս 2010 թվականի մարտին ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից նախաձեռնվեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները, որում ներգրավված էին մի շարք պետական կառույցների՝ ՀՀ Ազգային ժողովի, Նախագահի աշխատակազմի, պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, առողջապահության նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության, մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Միջազգային կարմիր խաչի կոմիտեի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները:
Օրենքի մշակման աշխատանքներն ավարտվել են 2011 թվականի ապրիլին, որից հետո այն պետք է քննարկվեր միջգերատեսչական հանձնաժողովի կողմից վերջնականապես Ազգային ժողովում քննարկման դնելու նպատակով: Այնուամենայնիվ, օրենքի վերջնական ներկայացման վերաբերյալ որևէ առաջընթաց չկա:
Իր հայտարարության մեջ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ողջունելով «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը, միաժամանակ մտահոգություն է հայտնում, որ օրենքի բացակայության պայմաններում չլուծված են մնում անհայտ կորածների բազմաթիվ իրավական, սոցիալական, առողջապահական և այլ խնդիրներ:
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորվածությունը, քաղաքացիների և զինծառայողների անհայտ կորչելու և գերեվարման փաստերը, նրանց ընտանիքների իրավական, սոցիալական, հոգեբանական, առողջապահական և այլ խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ գտնում ենք, որ առավել քան հրատապ է «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի անհապաղ ընդունումը», – նշում են հայտարարության հեղինակները: