Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է թիմի կազմը, որը սեպտեմբերի 7-ին և 11-ին Աշխարհի Գավաթի ընտրական մրցաշարի հանդիպումներ կանցկացնի Մալթայի և Բուլղարիայի դեմ:
Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները:
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Միկա»
Արթուր Հարությունյան, «Շիրակ»
Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»
Ռոբերտ Արզումանյան, «ԲՄԱ-Էներգիա», Ռուսաստան
Արտակ Եդիգարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Լևոն Հայրապետյան, «Լեխիա Գդանսկ», Լեհաստան
Հրայր Մկոյան, «Շիրակ»
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Ալեքս Էնրիկե դա Սիլվա, «Միկա»
Կիսապաշտպաններ
Արթուր Եդիգարյան, «Գովերլա», Ուկրաինա
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան
Դավիթ Մանոյան, «Կուբան», Ռուսաստան
Զավեն Բադոյան, ԲԱՏԵ, Բելառուս
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Հարձակվողներ
Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան
Նշենք, որ հավաքականի կազմ է վերադարձել պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ում մարզիչները չէին հրավիրել Բելառուսի հետ ընկերական խաղի ժամանակ: Թիմում մեկ նորեկ կա՝ երկար տարիներ Երևանի «Միկայում» հանդես եկող Ալեքսը քաղաքացիություն է ստացել և հրավիրվել մարզիչների կողմից:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Վարդան Մինասյանը նշել է, որ ինքը հետևել է Ալեքսի խաղին Հայաստանի առաջնությունում, որտեղ պաշտպանը լավ խաղ է ցուցադրել:
Մինասյանը նաև կարծիք է հայտնել ընտրական փուլի և, մասնավորապես, գալիք երկու հանդիպումների մասին.
«Պայքարը խմբում դժվարին է լինելու, քանի որ Աշխարհի առաջնությունն այն իրադարձությունն է, այն մեծ ֆուտբոլը, որի եզրափակիչում լինել ձգտելու են բոլորը: Աշխարհի առաջնության ընտրական փուլի նախապատրաստական շրջանը մեր ազգային հավաքականը սկսել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ավարտից անմիջապես հետո, չնայած մեր ծրագրերը և մտահղացումները վերջնականապես դետալավորել ենք 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի վիճակահանությունից հետո: Մեր մարզչական շտաբի գլխավոր նպատակն է եղել պահպանել, ավելացնել և կատարելագործել այն որակները, այն խաղամակարդակը, որին մենք հասել էինք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ընթացքում: Այն արդյունքները, որ մենք ցույց ենք տվել Եվրո 2012-ի ընտրական փուլում, այն ֆուտբոլը, որ խաղացել ենք, մեր առաջիկա մրցակիցներին ստիպելու է այսօր մեզ ավելի լուրջ վերաբերվել, քան անցյալում: Բնականաբար, նրանք ուսումնասիրել են մեր ֆուտբոլը, մեր հավաքականի ուժեղ և թույլ կողմերը, և բնականաբար, իրենք նույնպես ձգտելու են առավելության, ինչպես մենք:
Մալթայի և Բուլղարիայի հավաքականների մասնակցությամբ շատ խաղեր ենք դիտել և լավ ուսումնասիրել ենք մեր հակառակորդների խաղաոճը: Բուլղարիան ունի նոր մարզիչ, սերնդափոխություն է կատարվել թիմում և նոր ֆուտբոլիստները ավելի մեծ մոտիվացիայով կխաղան, ինչը շատ կարևոր գործոն է: Մալթայի վերջին չորս-հինգ հանդիպումները դիտել եմ: Նրանք էլ բավականին մոտիվացված են և կարող են ցանկացած հավաքականի անակնկալներ մատուցել, քանի որ պինդ թիմ է:
Բացի դրանից, Բուլղարիա-Իտալիա ընտրական խաղին ներկա է լինելու մեր մարզիչներից մեկը, քանի որ Մալթայից հետո խաղում ենք Բուլղարիայի, ապա մեկ ամիս անց Իտալիայի հետ: Կրկին նշեմ, որ Իտալիայի հավաքականի խաղերը շատ եմ դիտել, իրենց մարզիչն էլ չի փոխվել ուստի իրենց խաղային փիլիսոփայության մեջ փոփոխություն չի լինի»: