ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօր հրավիրած ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստը և ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվելիք քայլերը, հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
«Գիտեք, թե ինչ է տեղի ունեցել՝ Գուրգեն Մարգարյանին սպանած բաշիբոզուկը Հունգարիայի իշխանությունների կողմից վերադարձվել է Ադրբեջան, իսկ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել այդ մարդասպանին: Բնականաբար, մենք չենք կարող դա հանդուրժել և պետք է որոշենք մեր անելիքները», – նիստի ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի կողմից արդեն բարձրացվել է ՀՀ զորքերի զգոնությունը:
«Գորիկ Գուրգենիչ (դիմում է ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին – խմբ.), խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ` հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու:
Ուզում եմ, որպեսզի հիմա մենք քննարկենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները շարունակելու հարցը: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ՀՀ Ազգային ժողովը նիստ գումարի և այս հարցը քննարկի», – ասել է երկրի ղեկավարը:
Նա կարծիք է հայտնել, որ արդեն վաղը հարկավոր է նամակներ պատրաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին:
«Պետք է համապատասխան ցուցումներ տալ մեր դիվանագիտական բոլոր կառույցներին: Ես արդեն կապվել եմ մեր ավանդական կուսակցությունների ղեկավարների հետ, և, իմ համոզմամբ, նաև արտերկրում մեր ժողովուրդը պետք է գնահատական տա: Հունգարիայի իշխանությունները պետք է հասկական, որ կոպիտ սխալ են կատարել: Նրանք, փաստորեն, գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ: Եվ ադրբեջանական կողմի այն մեկնաբանությունները, թե արդեն մեկ տարուց ավելի գաղտնի բանակցություններ են վարում, և որ հարցը վերջնականապես լուծվել է Հունգարիայի վարչապետի Բաքու պաշտոնական այցի ընթացքում, խոսում է այն մասին, որ այստեղ արդարադատության նախարարի որոշում չէ, այլ գործարքի մեջ մտած երկրների համաձայնեցված գործողություններ, իշխանությունների համաձայնեցված գործողություններ: Եվ մենք պետք է համապատասխան արձագանք անպայման ապահովենք:
Սա պարզ մարդասպանություն չէ, մարդասպանություն է էթնիկ հողի վրա և արդարացվում է Եվրոպական միության անդամ երկրի իշխանությունների կողմից: Սա շատ վատ հանգամանք է», – հայտարարել է Սարգսյանը:
ՀՀ նախագահի պաշտոնական կայքը նշում է նաև, որ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում կայացրած որոշման մասին ՀՀ նախագահը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունենալիք արտակարգ խորհրդակցության ժամանակ: