Մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր՝ ժամը 12.00-ին, հավաքվել են ՀՀ ԱԳՆ շենքի մոտ՝ իրենց բողոքը հայտնելու հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և ազատ արձակելու կապակցությամբ:
ԱԳՆ-ից հավաքվածները շարժվել են դեպի Հունգարիայի հյուպատոսարան, որտեղ այրել են Հունգարիայի դրոշը և մանրադրամներ նետել հյուպատոսարանի շենքի ուղղությամբ:
Ակցիայի մասնակիցները Հյուպատոսարանի դռան վրա տարբեր գրություններով թղթեր են փակցրել՝ «Վենգրիա, դավայ, դասվիդանյա», «Corrupt. Hungary is hungry», «WTF??? Are u nuts Hungary?»:
Ակցիային մասնակցել է նաև ազգությամբ հունգարացի հայագետ Ժիգմունդ Բենեդեկը, ով լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ կյանքում առաջին անգամ ամաչում է հունգարացի լինելու համար, և կարծիք է հայտնել, որ Հունգարիայի կառավարությունը պետք է ներողություն խնդրի իր քայլի համար:
Հիշեցնենք, որ Հայաստանը երեկ կասեցրել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: