Այսօր Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները ոչ-ոքի խաղացին Ստամբուլում անցկացվող Շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում:
Հանդիպման մեկնարկը չափազանց անհաջող էր մեր թիմի համար: Առաջին տախտակին սևերով խաղացող Լևոն Արոնյանն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ՝ պարտիայի միջնամասում կոպիտ սխալ գործելով: Վլադիմիր Կրամնիկն օգտվեց դրանից՝ 35-րդ քայլին ստիպելով Արոնյանին հանձնվել:
Շուտով սևերով հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը միավոր կիսեց Սերգեյ Կարյակինի հետ:
Մեր մյուս երկու շախմատիստները սպիտակներով ֆիգուրներով առավելություն էին ստացել: Գաբրիել Սարգսյանը Դմիտրի Յակովենկոյի հետ պարտիայում վերջնամասում մեկ զինվոր ավել ուներ, սակայն բավական բարդ էր այդ առավելությունն օգտագործել, իսկ ահա Սերգեյ Մովսեսյանը կարողացավ գեղեցիկ պայքարում 21-րդ քայլին ստիպել հանձնվել Ալեքսանդր Գրիշչուկին: Անմիջապես դրանից հետո Յակովենկոյի հետ միավորը կիսեց նաև Սարգսյանը:
2:2, և երկու թիմերն էլ իրենց առաջին միավորը կորցրեցին Ստամբուլում: Այժմ թիմերը վաստակել են 11-ական միավոր:
Հայաստանցիներին և ռուսաստանցիներին միացավ Ադրբեջանի ընտրանին, որը 3:1 հաշվով պարտության մատնեց ակնհայտորեն ավելի թույլ Խորվաթիային:
7-րդ տուրի զույգերը հայտնի կդառնան ավելի ուշ:
Կանանց մրցապայքարում Հայաստանի ընտրանին 3,5:0,5 հաշվով պարտության մատնեց Արգենտինային: Ոչ-ոքի խաղաց մեր թիմի առաջատար Էլինա Դանիելյանը, իսկ ահա Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան հաղթանակներ տոնեցին: 6 տուրից հետո մեր թիմը վաստակել է 8 միավոր, և գտնվում է ուժեղագույն տասնյակից դուրս: