Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն ասել է՝ որն է Ադրբեջանի աղաղակող կեցվածքի հիմքը

Սերժ Սարգսյանն ասել է՝ որն է Ադրբեջանի աղաղակող կեցվածքի հիմքը

ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը զգալի ներդրում է ունեցել Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործում 1994 թվականից ի վեր: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

«Բայց, ցավոք սրտի, մենք ականատես եղանք «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում վերոհիշյալ սկզբունքների կոպիտ ոտնահարմանը, ինչը, իհարկե, ստվեր չպետք է գցի մեր և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա: 2004թ. Բուդապեշտում անցկացված ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացների ժամանակ հայ սպայի կացնահարումն այնքան արտառոց էր և այնքան սահմռկեցուցիչ, որ, կարծում եմ, կարիք չկա անդրադառնալու այդ դեպքին: Այն ժամանակ նենգաբար խախտվել էր Գուրգեն Մարգարյանի հիմնարար՝ կյանքի իրավունքը: Թվում էր, թե արժանին է մատուցվել արդարության սկզբունքին` ոճրագործը դատապարտվել էր ցմահ բանտարկության: Սակայն մի քանի օր առաջ տեղի ունեցածը մարտահրավեր էր առողջ տրամաբանություն ունեցող մարդկանց համար: Մենք տեղեկացանք, որ հանցագործը Հունգարիայի իշխանությունների կողմից հանձնվել է Ադրբեջանին և անմիջապես ներում ստացել այդ երկրի նախագահի կողմից: Այստեղ ես «ներում» բառը վերապահությամբ եմ օգտագործում, որովհետև թեև այդ ակտը, այդ հրամանագիրը կոչվում էր «ներման հրամանագիր», բայց իր մեջ այն պարունակում էր արդարացման բովանդակություն, դրա բովանդակությունը Սաֆարովին արդարացնելն էր, որովհետև աշխարհի որևէ երկրում ներում շնորհելուն չի հաջորդում խրախուսանք, ներում շնորհվածին չեն պարգևատրում: Բայց նրան վարձատրեցին աշխատանքի համար, աշխատավարձ վճարեցին և կոչում շնորհեցին: Սա՛ է խնդիրը», – ասել է Սերժ Սարգսյանը:

Նա ապշեցուցիչ է որակել այն, թե «ինչպիսի բացահայտ ցինիզմով և միջազգային նորմերի ոտնահարմամբ է Ադրբեջանում տեղի ունեցել մարդասպանի հերոսացումը»:

«Ադրբեջանն իր իսկ ձեռքով իրեն վերածեց հանցագործության հովանավորի: Սա անընդունելի, մերժելի և դատապարտելի մի երևույթ է, որը մեծ հարված է հասցնում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի նպատակներին, լրջորեն վտանգում է Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը: Այս իրավիճակում ոչ ոք բարոյական իրավունք չունի լռելու, անտեսելու կատարվածը: Այն միանշանակ և աներկբայորեն պետք է արժանանա համընդհանուր դատապարտման` ուղերձ հղելով արդարության հաստատման և անպատժելիության բացառման:

Հունգարիայի կառավարության քայլը պարզապես անընդունելի է: Հունգարիայի կառավարությունն ուղղակի չէր կարող տեղյակ չլինել, թե ինչպես էր Ադրբեջանում հերոսացվում Սաֆարով կոչված մարդասպանը, չէր կարող չկանխատեսել, որ նա ազատ է արձակվելու, առավել ևս, որ այդ մասին խոսվել էր բազմիցս և Հունգարիայի ղեկավարները հաստատել էին այդ կասկածները: Ես այսօր իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն հունգարացիներին, ովքեր այս դժվարին օրերին բարձր բարոյականություն դրսևորեցին ու նեցուկ եղան հայ ժողովրդին:

Այս համատեքստում կցանկանայի անդրադառնալ ևս մեկ հարցի: Մենք տարբեր առիթներով բազմիցս նախազգուշացրել ենք մեր գործընկերներին, որ պաշտոնական փաստաթղթերում, հրապարակային հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին միակողմանի, բանակցային գործընթացի իրական բովանդակությունը չարտացոլող ձևակերպումները վտանգավոր են առաջին հերթին այն առումով, որ դրանք քաջալերում են Ադրբեջանի ապակառուցողական, առավելապաշտական դիրքորոշումը: Համոզված եմ, որ նաև այդ չակերտավոր քաղաքական կոռեկտությունն է հիմք ծառայել Ադրբեջանի աղաղակող այս կեցվածքին ու գործողություններին», – հայտարարել է Սերժ Սարգսյանը: