Ֆրանսիայի սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը կիրակի խոստացել է երկամյա ժամկետում վերականգնել երկրի տնտեսությունը՝ հաստատելով ամենահարուստ քաղաքացիների համար կիրառվելիք 75 տոկոս հարկի մասին օրենքը, թեև արդեն խոսում են երկրից միլիոնատերերի «արտահոսքի» մասին:
«Գալիք տարում հարկերը 10 մլրդ դոլարով կաճեն ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ առանձին անհատների համար»,- TF1 հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Օլանդը:
Նախագահը մտադիր է հասնել գործազրկության մակարդակի նվազեցման առաջին իսկ տարում:
Ֆրանսիայի նախագահը հաստատել է իր նախընտրական խոստումը՝ արտակարգ հարկ մտցնել այն քաղաքացիների համար, ում տարեկան եկամուտը գերազանցում է 1 մլն եվրոն: «Վճարումներ կատարելիս բացառություններ չեն լինելու և ոչ մեկի համար»,- ընդգծել է Օլանդը:
Մեկ օր առաջ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի ամենահարուստ քաղաքացին՝ LMVH ընկերության 63 ամյա ղեկավար Բերնար Առնոն, որոշել է Բելգիայի քաղաքացիություն ձեռք բերել:
Առնոն, ըստ Ֆրանսիայում շրջանառվող կարծիքների, մտերիմ է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Նա 4-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, նրա կարողությունը 41 մլրդ դոլար է գնահատվում: Մեկ այլ սոցիալիստ նախագահ՝ Ֆրանսուա Միթերանի ընտրվելուց հետո՝ 1981 թվականին, Առնոն 3 տարով տեղափոխվել էր ԱՄՆ: