«Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորումը Սեպտեմբերի 11-ի 11-րդ տարելիցի կապակցությամբ տեսանյութ է տարածել, որում հայտարարում է, որ ԱՄՆ-ն պատերազմի մեջ է Իսլամի հետ, և որ ամերիկյան մահմեդականները պետք է սպասեն «հոլոքոստի», հայտնում է թուրքական Hurriyet-ը՝ հղում կատարելով «SITE and IntelCenter»-ին:
Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով փլուզվեցին Առևտրի Համաշխարհային կենտրոնի երկու զույգ աշտարակները՝ իրենց հետ տանելով մոտ 3000 մարդու կյանք:
«Ճշմարտությունը եկել է և սուտը մահացել» անունը կրող տեսանյութում խոսում է «Ալ-Ղաիդայի» առաջնորդ Այման ալ Ջավահիրին, ինչպես նան խմբավորման ամերիկյան թևի խոսնակ Ադամ Գադանին:
Տեսանյութում Գադանը ստահոդ է անվանում նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները պատերազմի մեջ չեն Իսլամի հետ, որովհետև «Ամերիկան բյուրեղի պես մաքուր է Իսլամի՝ որպես քաղաքական համակարգի հանդեպ իր դիրքորոշման հարցում»:
«Այսօր ամերիկացի մահմեդականները սպանվում են Յեմենում, վաղը նրանք կսպանվեն Նյու Յորքում և Լոս Անջելեսում: Պատրաստվեք Հոլոքոստի»,-հայտարարել է խմբավորման անդամը:
Բացի այդ «Ալ-Ղաիդայի» առաջնորդները վստահեցնում են, որ ԱՄՆ-ն պարտություններ է կրում տարբեր ճակատամարտերում:
Գադանը, ով հայտնի է նաև որպես Ազամ, ծնվել է 1978 թվականին: Ծագումով հարավային Կալիֆոռնիայից է: Սկսել է հայտնվել «Ալ-Ղաիդայի» տեսանյութերում 2004 թվականից:
Եգիպտացի Ջավահիրին, ով նախկինում ակնաբույժ էր, ահաբեկչական խմբավորումը ղեկավարում է 2011 մայիսից՝ խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա Բեն Լադենի մահից հետո: