Հայաստանի մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանը համաձայն կլինի ընդգրկվել զոհված զինվորների ծնողների առաջարկած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում: Այս մասին ասված է օմբուդսմենի գրասենյակի կողմից տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ սեպտեմբերի 10-ին խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների ծնողները դիմում են հասցեագրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ պահանջելով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել՝ ԱԺ հինգերորդ գումարման պատգամավորներից, պատգամավորական վեց խմբակցություններից, ինչպես նաև ներկայացուցիչներ ներգրավել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ովքեր կզբաղվեն իրենց որդիների դեպքերով:
«Գիտակցելով ընթացիկ գործերով քննությանը միջամտելու օրենսդրական սահմանափակումները, այնուամենայնիվ, խաղաղ պայմաններում բանակում մահացած առանձին քրեական գործերի քննության ընթացքում տեղ գտած թերացումների, խախտումների վերաբերյալ դեռևս կան հիմնավոր մտահոգություններ:
Ուստի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը աջակցում է ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձաժողով ստեղծելու նախաձեռնությանը և պատրաստ է անձամբ կամ իր ներկայացուցիչների միջոցով ընդգրկվել նման հանձնաժողովի աշխատանքներում:
Պաշտպանը կրկին հաստատում է իր դիրքորոշումը, որ միայն նախկին (նույնիսկ տասնամյա հնության) գործերի լրիվ և օբյեկտիվ քննությունն ու այդ գործերով արդարության վերականգնումը կարող է ապահովել այսօրվա մահվան դեպքերի քննության նկատմամբ վստահությունը և վաղվա բռնությունների ու սպանությունների կանխարգելումը», – ասված է օմբուդսմենի հայտարարության մեջ: