Այսօր ԱԺ-ում խորհրդարանական խմբակցությունների ներկացուցիչները գնահատական են տվել Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևին, որով ԵԽ-ն դատապարտել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը և նրան ներում շնորհելու փաստը՝ համարելով, որ դա կարող է թեժացնել ղարաբաղյան հակամարտությունը:
Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանն ասել է, որ այս որոշումը մի աստիճանով բարձր է նույն հարցի շուրջ միջազգային այլ գնահատականներից, քանի որ Եվրախորհրդարանը ամենաընդգրկուն միջազգային կառույցներից է:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ այս բանաձևը օգտակար է Հայաստանին, և դրա ընդունման մեջ դեր է ունեցել նաև հայկական լոբբիիաշխատանքը:
Բանաձևը դրական է գնահատել նաև ՀԱԿ-ի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, սակայն հիշեցրել է, որ բանաձևի նախնական տարբերակում եղել են նաև 2 կետեր, որոնք հակահայկական են եղել, ընդ որում՝ այդ 2 կետերը առաջարկվել են EPP-ի (European People’s Party) կողմից, որին անդամ դառնալու դիմում է ներկայացրել ՀՀԿ-ն: