Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները շարունակում են երկրի կառավարությունից պահանջել բարեփոխումներ իրականացնել կրթական համակարգում՝ վերացնելու համար անորոշության այն վիճակը, որում հայտնվել են հայ ներգաղթյալների երեխաները:
Ինչպես նշում է թուրքական Today’s Zaman-ը, այդ երեխաները պաշտոնապես իրավունք չունեն պետական դպրոցներում կրթվելու և պատշաճ դիպլոմ ստանալու: Այժմ նրանց ստացել են «հյուր աշակերտի» կարգավիճակ, որը, հայ համայնքի ներկայացուցիչների խոսքով, դիպլոմ ստանալու և հետագայում ուսումը շարունակելու հնարավորություն հայ երեխաներին չի ընձեռում:
Նախորդ տարի ապօրինի ներգաղթյալների 84 երեխաներ ընդունած Կետիկփաշայի Հայ Ավետարանչական եկեղեցու դպրոցի ղեկավարությունը դեռևս սպասում է իրենց բողոք-դիմումի պատասխանին:
Այս տարի եկեղեցում սովորելու են շուրջ 100 աշակերտներ: Դասընթացները բավական ծանր պայմաններում են ընթանում՝ եկեղեցու նկուղային հարկում, որոշ իմպրովիզացված դասարաններ անգամ դռներ չունեն: Ավելի վաղ դասասենյակները անջատվում էին միմյանցից վարագույրներով , միայն վերջերս միջանցիկ դռներ են տեղադրվել:
«Եկեղեցիները ոչ միայն կրոնական ծառայություններ են մատուցում: Մենք պատասխանատվություն ենք վերցրել այս երեխաների համար»,- Today’s Zaman-ին նախորդ տարի պատմել էր Ավետարանչական եկեղեցու հովիվը՝ Գրիգոր Աղաբալօղլուն: Այդուհանդերձ, նախորդ տարվանից առկա խնդիրները չեն վերացել, ինչի առիթով եկեղեցու ղեկավարությունը և հայ ընտանիքները խիստ մտահոգված են:
Հայ երեխաների ծնողները նշում են, որ «հյուր աշակերտի» կարգավիճակը բավարար չի երեխաների համար, քանի որ, օրինակ, Հայաստան վերադառնալուց հետո նրանք կրթության հաստատման կարիք կունենան:
Աղաբալօղլուն նշել է, որ երեխաներին «հյուր աշակերտի կարգավիճակ» շնորհելը շեղող քայլ էր, որը նպատակ ուներ լռեցնելու համայնքին:
«Ոչ մենք, ոչ ընտանիքները ուրախ չեն այս փաստով: Մենք կոչ ենք անում պետությանը մեր երեխաներին օրինական ատեստատ կամ դիպլոմ տալ», – նշել է նա:
Խոսելով անօրինական աշխատանքով զբաղվող հայերի կարգավիճակի մասին՝ Աղաբալօղլուն ընդգծել է, որ պետությունը նախընտրում է նրանց ներգաղթյալներ անվանել, քան ապօրինի աշխատանքով զբաղվողներ: Բայց եթե պետությունը նրանց որպես ներգաղթյալ է ճանաչում, ապա պարտավոր է ճանաչել նաև նրանց կրթության իրավունքը իրենց մայրենի լեզվով՝ հայերենով՝ ներգաղթյալների համար միջազգային նորմերին համապատասխան:
Բացի դա, հայ ներգաղթյալների երեխաները ստիպված են մի շարք այլ խնդիրների ևս բախվել: Եթե նրանք ծնվել են Թուրքիայում, նրանց ծնողները չեն կարող դիմել Թուրքիայի քաղաքացիության համար, քանի որ փաստաթղթեր չունեցող արտասահմանցիներ են համարվում: Նրանք նաև չեն կարող մեկնել Հայաստան, քանի որ հակառակ դեպքում այլևս չեն կարող Թուրքիա վերադառնալ:
Երեխան չի կարող անձնագիր ստանալ: Թուրքիայի օրենքների համաձայն, միայն հայկական արմատներ ունեցող Թուրքիայի քաղաքացիներին է թույլ տրվում հաճախել «հայկական փոքրամասնության դպրոցներ»: Այս փակուղուց դուրս ճանապարհ գտնելու համար, հայ համայնքի ներկայացուցիչները պատասխան են սպասում պետությունից, որն առայժմ ուշանում է: