Սեպտեմբերի 18-ին մեկնարկած Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարը կարելի է ստացված համարել: Բավականաչափ թվով գնդակներ և մեկ դրամատիկ հանդիպում, որը ֆանտաստիկ հանգուցալուծում ունեցավ:
Ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում էր, իհարկե, D խմբի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղը: Դեռևս առաջին խաղակեսում դաշտի տերերը մեծ առավելություն ունեին, սակայն այդպես էլ չկարողացան գրավել Ջո Հարթի դարպասը, ով հիանալի հանդես եկավ: Նա մի քանի անգամ փրկեց իր թիմին Կրիշտիանու Ռոնալդուի և Իգուաինի հարվածներից հետո: Երկրորդ խաղակեսում մադրիդցիները շարունակեցին ճնշումը, սակայն «Սիթին» որսաց մրցակցին հակագրոհի վրա, և փոխարինման դուրս եկած Էդին Ջեկոն բացեց խաղի հաշիվը: Ժոզե Մուրինյուն խաղադաշտ դուրս բերեց իր ողջ հարձակվողական ներուժը՝ Կարիմ Բենզեմա, Մեսութ Օզիլ, Լուկա Մոդրիչ: Գոլի հեղինակ, սակայն դարձավ Մարսելոն, ում հարվածից հետո գնդակն անդրադարձավ հյուրերի պաշտպանից և շեղեց ուղղությունը, ինչն էլ ապակողմնորոշեց Հարթին: «Սիթին» կրկին հաշվի մեջ առաջ անցավ 85-րդ րոպեին, երբ տուգանայինից դիպուկ հարված կատարեց Ալեքսանդր Կոլարովը:
Վերջին շրջանում անհաջող հանդես եկող «Ռեալն» իր ողջ ուժերը լարեց և նետվեց գրոհի: 87-րդ րոպեին Բենզեման ոսկերչական ճշգրտությամբ գնդակն ուղարկեց դարպասի մոտ անկյունը, իսկ 90-րդ րոպեին Ռոնալդուն ազատվեց պաշտպանի հսկողությունից և հարվածեց ուղիղ դարպասապահի վրա, սակայն Հարթը սխալվեց՝ բաց թողնելով գնդակը ձեռքի տակով: «Սիթին», որը դեռևս 5 րոպե առաջ հաղթում էր, առանց միավոր հեռացավ Մադրիդից, իսկ «Ռեալը», կամային հաղթանակ տանելով, որոշակիորեն վերականգնեց հոգեբանական կայունությունը:
Առաջին խաղային օրվա սենսացիաները կերտվեցին C խմբում: Իտալական «Միլանը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց բելգիական «Անդերլեխտի» հետ, իսկ համեստ իսպանական «Մալագան» ջախջախեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին» 3:0 հաշվով: Երկու հիասքանչ գոլի հեղինակ դարձավ «Մալագայի» ծագող աստղ Իսկոն, ևս մեկ գնդակ խփեց արգենտինացի վետերան հարձակվող Խավիեր Սավիոլան: Հիշեցնենք, որ «Մալագան» մրցաշրջանից առաջ ծանր ֆինանսական կացության մեջ է հայտնվել, քանի որ թիմից հրաժարվել է նախկին սեփականատեր քաթարցի շեյխ Աբդուլա Ալ-Թանին, իսկ ահա «Զենիթը» երկու շաբաթ առաջ 100 միլիոն դոլար վճարեց երկու ֆուտբոլիստի՝ Աքսել Վիտցելի և Հալկի համար:
Մալագայում, սակայն, հաղթեց այն թիմը, որը ուժեղ էր մրցակցից բոլոր ֆուտբոլային գործոններով:
A խումբ
Դինամո Զագրեբ (Խորվաթիա) – Պորտու (Պորտուգալիա) 0:2
ՊՍԺ (Ֆրանսիա) – Դինամո Կիև (Ուկրաինա) 4:1
B խումբ
Մոնպելյե (Ֆրանսիա) – Արսենալ (Անգլիա) 1:2
Օլիմպիակոս (Հունաստան) – Շալկե 04 (Գերմանիա) 1:2
C խումբ
Մալագա (Իսպանիա) – Զենիթ (Ռուսաստան) 3:0
Միլան (Իտալիա) – Անդերլեխտ (Բելգիա) 0:0
D խումբ
Ռեալ (Իսպանիա) – Մանչեսթեր Սիթի (Անգլիա) 3:2
Բորուսիա Դորտմունդ (Գերմանիա) – Այաքս (Հոլանդիա) 1:0