ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Հիշեցնենք, որ այդ օրը մի խումբ ռազմական բժիշկներ ծեծի էին ենթարկվել ռեստորանի անվտանգության աշխատակիցների կողմից, իսկ նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, մահացել էր 12 օր անց հիվանդանոցում:
Թերթը գրում է, որ դեպքի օրը գործով այս պահին որպես մեղադրյալներ անցնող Նորայր Հայրապետյանն ու Արման Բաղդասարյանը ժամը 22:21-ին, 22:33-ին, 22:34-ին, 22:36-ին, ինչպես նաև 23:30-ին, 00:21-ին, 00:25-ին և 00:47-ին զանգահարել են Աշոտ Սնջոյան անուն-ազգանունով ինչ-որ մեկի: Ըստ քրեական գործի նյութերի՝ բժիշկները ծեծի են ենթարկվել 22:25-ից մինչև 22:40-ի սահմանները:
«Հայկական ժամանակը» նշում է, որ Աշոտ Սնջոյանն ավելի շատ հայտնի է Եզդի Աշոտ մականունով: «ՀԺ»-ն հիշեցնում է, որ անցյալ տարի «Հարսնաքարում» Սնջոյանի մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել, որի ժամանակ վերջինս կրակել էր և ոտքերի շրջանում վնասվածքներ հասցրել հարսանեկան արարողության երկու մասնակցի՝ Նորայր Աթոյանին և Վերսանդ Մկրտչյանին, ովքեր վիրահատության էին ենթարկվել: Սնջոյանին մեղադրանք էր առաջադրվել անզգուշությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու համար, ինչը նախատեսում է տուգանք կամ մինչև երկու տարվա ազատազրկում, իսկ հետագայում գործը կարճվել էր այն պատճառաբանությամբ, որ կողմերը հաշտվել են:
«Նրան հաջողվել էր խուսափել քրեական պատասխանատվությունից բացառապես այն պատճառով, որ նա Նեմեց Ռուբոյի թիվ մեկ թիկնապահն էր», – գրում է թերթը:
«Հայկական ժամանակն» ընդգծում է, որ Վահե Ավետյանի գործի Աշոտ Սնջոյանը կանչվել է հարցաքննության վկայի կարգավիճակով: Հարցաքննվելիս նա նշել է, որ գործազուրկ է, որ ամբաստանյալներից Արման Բաղդասարյանի մտերիմ ընկերն է և նրա միջոցով ծանոթացել է Նորայր Հայրապետյանի հետ: Քննիչի հարցին, թե ինչի մասին են նրանց խոսել դեպքի օրը, Սնջոյանը պատասխանել է՝ չեմ հիշում: Նա ասել է նաև, որ եթե նրան հեռախոսազրույցի ընթացքում հայտնած լինեին դեպքի մասին, ապա ինքը դա կհիշեր, սակայն ռազմական բժիշկներին ծեծի ենթարկելու մասին նա տեղեկացել է հեռուստացույց դիտելիս:
«Ռազմաբժիշկներին ծեծելու ընթացքում Աշոտ Սնջոյանի ակտիվ հեռախոսազրույցներն այժմ ամբաստանյալների կարգավիճակ ունեցող անձանց հետ առնվազն հիմք է տալիս ենթադրելու, որ նա անհամեմատ ավելի շատ բան գիտի դեպքի մասին և միտումնավոր թաքցնում է իրականությունը: Կասկածներ կան, որ ռազմաբժիշկներին ծեծի ենթարկողները հենց նրա միջոցով են իրենց քաջագործության մասին տեղեկացրել Ռուբեն Հայրապետյանին: Թիկնապահների միջոցով «շեֆին» տեղեկություններ փոխանցելը սովորական երևույթ է մեր օլիգարխների առօրյայում», – գրում է «Հայկական ժամանակը»: