ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնական տոներ չի սիրում, հատկապես, երբ դրանք կազմակերպում են վերևից և հավուր պատշաճի խոսքեր են ասվում, որոնք դատարկություններ են: Այս մասին նա հայտարարել է այսօր Սարյանի պուրակում, որտեղ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները նշում էին անկախության տոնը:
Սակայն նա նշել է, որ այսօր նշվող անկախության տարեդարձն իր համար տոն է, ինքնաբուխ, սրտաբուխ տոն, որովհետև պուրակում հավաքված են մարդիկ, որոնց ոչ ոք հարկադրաբար չի բերել այդ վայր:
«Մենք ունենք պետություն, մենք ունենք անկախություն, և, ի պատիվ ձեզ, ի պատիվ մեր սերնդի, մենք ենք կերտել այդ անկախությունը: Իհարկե, այսօր շատերը գոհ չեն մեր պետականության այն վիճակից, որում ապրում ենք: Այսօր էլ իմ ընկերները բազմաթիվ դառը ճշմարտություններ ասացին մեր իրականության մասին, բայց ուզում եմ ասել, գիտեք, մի անլուծելի խնդիր չէ մեր պետույթունը դարձնել նորմալ, արժանապատիվ պետություն: Բացարձակապես մի կարծեք՝ քաղաքագիտությունը շատ բարդ գիտություն է, հակառակը՝ քաղաքագիտությունը ամենապարզ գիտությունն է, որը տեսնում է երկրի առջև կանգնած խնդիրները և գտնում դրանց լուծումները: Որո՞նք են մեր երկրի առջև կանգնած խնդիրներն այսօր: Այսօր ես ընդամնեը տեսնում եմ հինգ խնդիր՝ հինգ խնդիր է պետք լուծել, որ մեր պետությունը դառնա իսկապես դառնա ամուր, արժանապատիվ պետություն ազգերի իրավահավարասար ընտանիքում: Դրանք են՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Ղարաբաղի հարցի լուծումը, շրջափակումների վերացումը, կոռուպցիայի արմատախիլ անելը և օրիանականության հաստատումը, ուրիշ բան պետք չէ, ուրիշ անելիք չկա», – ասել է ՀՀ առաջին նախագահը:
Նա նշել է, որ պետք է տարբերակել խնդիրները երկու մասի:
«Առաջին երեքը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Ղարաբաղի հարցի լուծումը, շրջափակումների վերացումը դժբախտաբար միայն մեզնից կախված չեն: Եվ ինչպիսի քաղաքականություն են վարեն մեր իշխանությունները, պետք չէ միակողմանիորեն այս հարցում միայն նրանց մեղադրել, նրանց ունեն իրենց մեղքերը, բայց եթե անեին առավելագույնն անգամ, դա չէր նշանակում, որ այդ խնդիրները կարող էին լուծվել, որովհետև, ինչպես ասացի, դա կախված է նաև արտաքին ուժերից՝ Թուրքիայից, Ադրբեջանից, միջազգային հանրությունից, միջնորդներից, որոնք իբրև թե խնդիրը լուծելու հարցում փոխանակ խնդիրը լուծելու, իրար միջև հարցեր են լուծում: Բայց մյուս երկու խնդիրը՝ չգողանալը, կոռուպցիան վերացնելը և, ես ընդհանուր եմ ասում, օրինականության ապահովումը: Սա նշանակում է ամեն ինչ՝ և’ ժողովրդավարություն, և’ նորմալ ընտրություններ, և’ մարդու իրավուքնների ապահովում և այլն, և այլն: Սա մեկ ընդգրկուն հասկացություն է՝ օրինականությունը, այս երկու խնդիրը կախված են մեր իշխանավորներից, ընդամենը բարի կամք է պետք, կամ քաղաքական կամք, ինչպես մոդայիկ է ասել, այս հարցերը լուծելու համար: Փոխանակ գործող նախագահը խորհրդակցություն հրավիրելով ծաղրի ենթարկի մեր ժողովրդին, ես դա համարում եմ իսկապես խաղ, ուրիշ բան չեմ ուզում դրա մեջ տեսնել, նա պետք է ձեռքը սեղանին խփեր ու ասեր՝ «վերջ, այսօրվանից չենք գողանում», ոչ թե «չեք գողանում», այլ «մենք բոլորս միասին չենք գողանում», սա պիտի ասեր, – նշել է Տեր-Պետրոսյանը:
Ընդդիմության առաջնորդը նշել է, որ ինքը չի ցանկանում դառը խոսքեր ասել հայաստանյան իրականության մասին:
«Այսօր այդ օրը չէ: Այո, մեր իրականությունը դառն է, այո, համատարած սրտնեղություն է տիրում, բայց հիշեք՝ կան նորագույն արժեքներ հակառակ այս բոլոր դառնությունների, սրտնեղությունների: Այդ արժեքներից գլխավորը Հայաստանի անկախությունն է և մեր պետականության վերականգնումը, ինչի առթիվ ես բոլորիդ սրտագին կերպով շնորհավորում եմ», – ելույթը եզրափակել է Տեր-Պետրոսյանը:
Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի