Home / Տեսանյութեր / Գլոբալ տաքացումը մինչև 2030-ը 100 միլիոն մարդու կյանք կխլի. զեկույց

Գլոբալ տաքացումը մինչև 2030-ը 100 միլիոն մարդու կյանք կխլի. զեկույց

Գլոբալ տաքացման պատճառով մինչ 2030 թվականը ավելի քան 100 մլն մարդ կմահանա, իսկ համաշխարհային ՀՆԱ-ն կկրճատվի 3,2 %-ով: Նման տվյալներ է ներկայացնում մարդկության վրա կլիմայի փոփոխության ազդեցության մասին զեկույց պատրաստած DARA հումանիտար կազմակերպությունը: Զեկույցը պատրաստվել է 20 զարգացող երկրների կառավարությունների պատվերով:

Ջերմոցային գազերի արտանետումների պատճառով տարեկան միջին ջերմաստիճանի բարձրացումը կհանգեցնի սառույցների հալոցքի: Կհաճախակիանան բնական աղետները, իսկ երաշտն ու համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը միլիոնավոր մարդկանց կզրկեն ապրուստի միջոցներից, նախազգուշացնում են փորձագետները:

Ամեն տարի եղանակի փոփոխությամբ պայմանավորված օդի աղտոտման, սովի և հիվանդությունների հետևանքով 5 միլիոն մարդ է մահանում: Եվ, եթե ներկայիս միտումները պահպանվեն, մինչ 2030 թվականը այդ թիվը կհասնի 6 միլիոնի, ասվում է զեկույցում:

Եղանակի փոփոխությամբ պայմանավորված մահերն առավել շատ կլինեն զարգացող երկրներում:

«Եղանակային և ածխաջրածնային ճգնաժամը հաջորդ տասնամյակի վերջին ենթադրաբար մինչև 100 մլն կյանք կխլի»,-ասված է զեկույցում:

Եղանակային պայմանների փոփոխությունը բացասաբար կանդրադառնա նաև համաշխարհային տնտեսության վրա: Արդյունաբերական արտադրության մակարդակը ամեն տարի կնվազի 1,6%-ով, կամ 1,2 տրիլիոն դոլարով: 2030 թվականին կորուստները կկրկնապատկվեն, իսկ 2100 թվականին կգերազանցեն 10%-ը: