Այսօր առավոտյան ժամը 08:00-ին Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնք մեծ կարևորություն ունեն երկրի ապագայի համար: Վերլուծաբաններն ընդգծում են, որ 2012-ի խորհրդարանական ընտրությունների կարևորությունն անգամ ավելի մեծ է նախագահականից, քանի որ 2013 թվականին Սահմանադրության դրույթների փոփոխության արդյունքում մեծանում է երկրի վարչապետի դերը նախագահի լիազորությունների կրճատման հաշվին:
Վարչապետին ներկայացնում է այն կուսակցությունը, որն ընտրությունների արդյունքում կզբաղեցնի առաջին հորիզոնականը: Վարչապետի թեկնածությունը հաստատվում է, եթե 150 տեղ ունեցող խորհրդարանում նրա թեկնածության օգտին քվեարկում է 76 պատգամավոր:
Առաջին տեղի համար պայքարում են իշխող «Ազգային շարժում» կուսակցությունը, որի հետևում կանգնած է երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին և ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը, որը ղեկավարում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:
Ակնկալվում է, որ իշխող կուսակցության հաղթանակի դեպքում 2013 թվականին նոր վարչապետ կդառնա Միխեիլ Սահակաշվիլին, ում նախագահական երկրորդ և վերջին ժամկետն ավարտվում է հաջորդ տարի:
Դա թերևս տեղի կունենա միայն այն դեպքում, եթե իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ստանա խորհրդարանում, քանի որ նոր խորհրդարանը իրավունք ունի վերանայել Սահմանադրությունը ձայների 2/3-ի առկայության դեպքում:
Ի դեպ, նոր խորհրդարանը պարտավոր է նոր վարչապետին նշանակել ընտրություններից հետո, այդ իսկ պատճառով մինչև Սահակաշվիլիի ժամկետի ավարտը Վրաստանի գործադիր մարմինը մեկ այլ մարդ կղեկավարի:
Ի դեպ, նախագահն իրավունք չունի ցրել խորհրդարանը դրա ընտրվելուց վեց ամսվա ընթացքում, ինչպես նաև 2013 թվականի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին նախորդող 6 ամսվա ընթացքում: Դա նշանակում է, որ ներկայիս խորհրդարանը գործելու է առնվազն մեկ տարի, և իշխանությունը պահպանելու համար Սահակաշվիլիին և նրան աջակցող ուժերին հարկավոր է այսօր լուրջ առավելությամբ հաղթանակ տանել:
Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից 73-ն ընտրվելու են մեծամասնական, 77-ը՝ համամասնական ընտրակարգով:
Նշենք, որ միայն «Ազգային շարումը» և «Վրացական երազանքը» մեծամասնական ընտրակագով թեկնածուներ ունեն բոլոր 73 ընտրատարածքներում:
Լուսանկարը՝ civil.ge