ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանից ցանկացել է իմանալ Լոնդոնյան օլիմպիադայում մեր մարզիկների ելույթների վերաբերյալ կառավարության գնահատականը: Հիշեցնենք, որ Լոնդոնում հայաստանցի մարզիկները մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ են նվաճել:
«Ես գիտեմ, դուք այս հարցին անդրադարձել եք, ուղղակի հենց ձեր պատասխանը դրդեց այս հարցը հնչեցնելուն: Ստացվեց այնպես, որ դուք կարծում եք, ես ինչպես հասկացա, որ Լոնդոնյան օլիմպիական խաղերում մեր մարզիկները առաջընթաց են արձանագրել: Իհարկե մեր մարզիկների մեդալներ են շահել և փառք ու պատիվ այն մարզիկներին, ովքեր մեդալներ են շահել, բայց եղան մարզիկներ, ովքեր խայտառակ ելույթ ունենալուց հետո սկսեցին բաժակաճառեր նույնիսկ ասել սպորտի բնագավառի ղեկավարության հասցեին: Ո՞րն է պաշտոնական կարծիքը: Դուք նոր նախարար եք և անձնական պատասպանատվություն չեք կրում ամեն ինչի համար, բայց կառավարության պաշտոնական կարծիքը ո՞րն է, ի՞նչ ծրագրեր կան, կամ ինչպես է շտկվելու իրավիճակը, որպեսզի հաջորդ անգամ մենք նման առաջընթացներ չարձանագրենք», – հարցրել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Հրաչյա Ռոստոմյանն էլ Օլիմպիական թիմի ելույթները գնահատել է բավարար, բայց նաև խնդրել է երիտասարդ պատգամավորին մի փոքր ավելի զուսպ լինել հայաստանցի մարզիկների նկատմամբ՝ նկատի ունենալով պատգամավորի «խայտառակ ելույթ» արտահայտությունը, ինչը, նախարարի խոսքով, այս համատեքստում չի տեղավորվում:
Լևոն Մարտիորսյանն էլ արձագանքել է, որ ինքը Ռոստոմյանին անձամբ ողջունում է որպես Սպորտի և երիտասարդության նախարարության ղեկավար և երիտասարդ անձնավորություն, որը բնագավառի մասնագետ է, բայց տվյալ պատմությունն իրեն հիշեցնում է «պրոլետարիատի առաջնորդ Լենին պապիի թաղման հետ կապված անեկդոտը»:
«Որ Լենին պապին ոչ միայն չի մահացել, այլ կենդանիներից ամենակենդանին է: Մինչև մեր մարզիկները հետ եկան, պարզվեց, որ փառահեղ հաղթանակ են տարել»,- ասել է Մարտիրոսյանը:
Նախարարն էլ հակադարձել է, որ ոչ մեկ չի օգտագործել «փառահեղ հաղթանակ» արտահայտությունը, այլ ինքը ելույթները գնահատում է բավարար և մատնանշում, որ սպորտի ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց ինքը բազմիցս բարձրացրել է:
Նախարարի խոսքով՝ սպորտի բնագավառում ծրագրերը բազմազան են, այս պահին ֆեդերացիաներում կատարվում են մարզական փոփոխություններ՝ կապված մարզիչների հետ, իսկ նոր տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում և իրականացվող համալիր ծրագրերը կբերեն լավ արդյունքի: