Իրան-Հայաստան նավթամուղի կառուցման համաձայնագրերը ստորագրված են, այժմ նախագծերն են արվում՝ շինարարությունը սկսելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նախարարը տեղեկացնում է, որ նախագծերը 4-5 ամսվա ընթացքում կվերջացնեն ու աշխատանքները կսկսեն:
Մովսիսյանը տեղեկացրել է, որ շուտով ակնկալում են բացել «Մեղրի» ՀԷԿ-ը, վերջնական ժամկետը ճշտելու համար սպասում են իրանական կողմին:
«Մեղրի ՀԷԿ-ի շինարարության մեկնարկի ժամկետները ճշտված էին, ուղղակի համընկավ Իրանի երկրաշարժի հետ: Դրա համար հետաձգվեց, իրենք էլ շահագրգռված են մեկ օր առաջ դա կառուցել», – ասել է Արմեն Մովսիսյանը:
Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե ինչ նորություններ կան Հայաստանի նոր ատոմակայանից, ինչին ի պատախան նախարարն ասել է, որ այժմ իրենք աշխատում են ֆինանսական սխեմաների վրա: Շուտով դա էլ կվերջացնենք, բանակցություններ են գնում, որից հետո կհայտարարենք», – նշել է նախարարը:
Խոսելով գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին՝ Արմեն Մովսիսյանը դարձյալ նշել է, որ բանակցությունները շարունակվում են, և միայն դրանց ավարտից հետո կհայտարարվի նոր գնի մասին:
«Հայաստանի համար, համենայնդեպս, կլինի արտոնյալ գին, բավական էժան, թե ինչքան՝ բանակցությունների ավարտին կհայտարարենք: Ի տարբերություն մյուս երկրների՝ ում Ռուսաստանը գազ է մատակարարում, մերը կլինի բավական ցածր: Բնականաբար գինը ճշտելուց հետո կմտածենք նաև, թե անապահով խավին ինչպես սուբսիդավորենք», – ասել է նախարարը: