Home / Հայաստան / Երբ Իտալիային պարտվել էինք Բուլղարիայում. Հայաստանի հավաքականը հույս թողեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երբ Իտալիային պարտվել էինք Բուլղարիայում. Հայաստանի հավաքականը հույս թողեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի հավաքականը, ինչպես պարզվեց, Իտալիային պարտվել էր դեռևս Բուլղարիայում: Եվրոպական կարգի մեկ ֆուտբոլիստը, գուցե, բավական է, որպեսզի թիմը դրական արդյունքի հասնի այսօրվա Իտալիայի դեմ խաղում, սակայն այդ ֆուտբոլիստին մյուս բոլոր օղակները պետք է առավելագույնս աջակցեն: Ինչը հոկտեմբերի 12-ին «Հրազդան» ստադիոնում տեղի չունեցավ: Գուցե, Մարկոսի և Գևորգ Ղազարյանի ներկայության պարագայում հաշիվը կարող էր այլ լինել: Բայց «գուցե»-ները ֆուտբոլ չեն խաղում:

Հավանաբար, կարիք չկա անդրադառնալ Հայաստանի հավաքականի պաշտպանությանը: Դեռևս խաղից առաջ այդ գծի խնդիրները բոլորին ծանոթ էին: Հայրապետյանի վնասվածքը, հիմնական կազմի պաշտպաններից ոմանց մշտական խաղային պրակտիկայի բացակայությունը պետք է առավելություն տար իտալացիներին: Այն, որ 2-3 գնդակ կարող ենք բաց թողնել, կարելի էր ակնկալել: Այնուամենայնիվ, պաշտպանների այդաստիճան անհաջող խաղը տհաճորեն զարմացրեց: Միայն առաջին խաղակեսում Արտակ Եդիգարյանի՝ մրցակցի ֆուտբոլիստներին փոխանցած գնդակների քանակը բավական էր ստադիոնում հավաքաված տասնյակ հազարավոր երկրպագուներին կաթվածահար անելու համար: Պաշտպանների գործողությունները նյարդային վիճակի մեջ էր գցում նաև ավագի թևկապով խաղադաշտ դուրս եկած Ռոման Բերեզովսկուն, ով իր հերթին նույնպես սխալվում էր գնդակը դուրս բերելու ժամանակ: Սակայն Բերեզովսկին մի քանի հիանալի «սեյվ» արեց, և մեծ հաշվով հանդիպումը բարձր մակարդակով անցկացրեց:

Բայց արդյո՞ք Հայաստանի հավաքականն ունակ էր պաշտպանության ակնկալելի անհաջող խաղը և մեր թիմի բաց թողած 3 գնդակները կոմպենսացնել առջևի գծում: Խաղի ընթացքը ցույց տվեց՝ այո, կարող էին:

Անդրեա Պիռլոյի իրացրած վիճելի 11-մետրանոցից (մեծ հաշվով գնդակը գտավ Մկոյանի ձեռքը, նա ձեռքով չխաղաց) բաց թողած գնդակից հետո, մեր թիմը վերակենդանացավ, սկսեց ֆուտբոլ խաղալ, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում՝ 1:1 հաշվի ժամանակ, ճնշման տակ պահեց Բուֆոնի դարպասը: Եվ հենց այստեղ էր, որ եվրոպական բարձր մակարդակի ֆուտբոլիստին՝ Մխիթարյանին, օգնություն էր հարկավոր: Այստեղ էր, որ նրա փոխանցումներից հետո հարկավոր էր գրավել իտալացիների դարպասը: Չստացվեց, որից հետո Դե Ռոսսին օգտվեց պաշտպանության կենտրոնում ստեղծված մեծ միջանցքից և մոտ տարածությունից գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին:

Անգամ 1:2 հաշվի ժամանակ Հայաստանն իր պահը ունեցավ: Մանուչարյանն անհաջող փոխանցում կատարեց աջ եզրով առաջ շարժվող Մխիթարյանին: Վերջինս հասցրեց պայքարի մեջ մտել պաշտպանի հետ, խլեց գնդակը ու փոխանցում կատարեց տուգանային հրապարակում գտնվող Յուրա Մովսիսյանին: Վերջինս հապաղեց, և մոտ տարածությունից անգամ հարված չկատարեց, պաշտպանը հասցրեց դուրս բերել գնդակը:

Օսվալդոյի գոլից հետո ամեն ինչ արդեն պարզ էր, Հայաստանի հավաքականն այլևս ուժ չուներ ևս մեկ հարձակվողական հատված անցկացնելու՝ 1:3:

Հենրիխ Մխիթարյանի մասին, իհարկե, հարկ կա առանձին խոսել: Դեռևս խաղից առաջ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստների, մարզչի, իտալացի լրագրողների համար նա հաճախ ««Շախտյորի» խաղացող էր»: Հենոյի դժվար արտասանվող ազգանունը քիչ էր հնչում, սակայն խաղից հետո «Մխիթարյան» ազգանունը հստակ արտասանում էին բոլորը, իսկ հանդերձարանից դուրս գալու պահին արտասահմանցի լրագրողները նրանից հարցազրույց էին խնդրում:

«Ֆրանսերեն կխոսեմ», – ասաց Հենոն, և լրագրողը պատրաստակամորեն առաջ պարզեց խոսափողը:

Իսկ գոլի ժամանակ Հենրիխի գործողությունների մասին հատուկ խոսում էին իտալական վերլուծական ծրագրերի մասնակիցները:

Այն, որ Իտալիայի համար բարդ հանդիպում ստացվեց, ակնհայտ էր Պրանդելիի պահվածքից, ով իր թիմի երկրորդ գոլից հետո լարված դեմքով շրջվեց դեպի պահեստայինների նստարան և խաչակնքվեց:

Խաղից հետո էլ Իտալիայի ընտրանու մարզիչն անկեղծ ասաց, որ իրենց համար այս հանդիպումը բարդ փորձություն էր: Թիմի խաղից լիարժեքորեն գոհ չէին նաև լրագրողներն ու վերլուծաբանները: Մասնավորապես, «Լա գաձետա դելո սպորտ» առաջատար մարզական պարբերականը նշել է, որ 0:1 հաշվի ժամանակ Իտալիան իրավունք չուներ ճնշումը նվազեցնելու և առավելությունը զիջելու մրցակցին: «Ազգային հավաքականն այդ հատվածում սխալ գործեց», – գրում է հոդվածագիր Ռիկարդո Պրատեզին:

Որպես լոկալ ուրախանալու առիթ կարող ենք փաստել, որ Հայաստանի հավաքականը նաև իր խաղով ստիպեց մրցակցին այդպես գործել: Սակայն միևնույնն է առանձին ֆուտբոլիստների խաղամակարդակով իտալացիներն ուժեղ էին, և դրա հաշվին էլ հաղթեցին: Չի կարելի ասել, որ Մարկիզիոն կամ Մաջիոն ինչ-որ արտառոց բան արեցին դաշտում: Համեմատած, օրինակ, Մխիթարյանի խաղի հետ նրանք պարզապես ստվերում էին, սակայն մեր ֆուտբոլիստներից շատերի նման պարզագույն իրավիճակներում գնդակը մրցակցին չէին փոխանցում, հնարավորինս փակում էին գոտիները և դիրքային մանկական սխալներ չէին գործում: Դա էլ ապահովում էր իտալացիների առավելությունը գրեթե բոլոր խաղային դրվագներում, որի մասնակից չէր Հենրիխ Մխիթարյանը:

Որքան էլ արդարանանք լավ խաղով՝ պարտությունը պարտություն է մնում: Սակայն մեկ լուսավոր կետի մասին արժե խոսել: Հոկտեմբերի 12-ին «Հրազդանում» երկրպագուներին ներկայացավ ոչ թե այն ծանր, անատամ թիմը, որը խաղում էր մեկ ամիս առաջ Մալթայում և Բուլղարիայում, այլ թարմությունը վերականգնած հավաքականը, որը փորձում էր իր ձեռագիրը պարտադրել անգամ Եվրոպայի փոխչեմպիոններին: Այժմ կարելի է ակնկալել, որ շարունակությունը հետևելու է: Հաշվի առնելով, որ այս խմբում ոչ-ոքիները շատ են, հույսեր դեռ կան:

Աշխարհի գավաթ 2014, ընտրական փուլ

Բ խումբ

Հայաստան-Իտալիա 1:3

Բուլղարիա-Դանիա 1:1

Չեխիա-Մալթա 3:1

Մրցաշարային աղյուսակ

Իտալիա – 3 խաղ, 7 միավոր, Բուլղարիա – 3 խաղ, 5 միավոր, Չեխիա – 2 խաղ, 4 միավոր, Հայաստան – 3 խաղ, 3 միավոր, Դանիա – 2 խաղ, 2 միավոր, Մալթա – 3 խաղ, 0 միավոր

Լուսանկարը՝ Getty Images