Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Այսօր պաշպանության կողմը ներկայացրել է իր հիմնավորումները: Հիշեցնենք, որ Գասպարին մեղադրվում է կառավարության շենքի անցյալ տարվա հոկտեմբերին անցկացված ակցիաներից մեկի ժամանակ խուլիգանություն անելու՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հայհոյելու մեջ: Նշենք, որ Գասպարին Ալիկ Սարգսյանին անվանել է «խուլիգան, հանցագործ»:
Պաշտպան Ռոբերտ Ռևազյանի խոսքով՝ դեպքը ֆիքսած տեսահոլովակում հստակ երևում է, որ Գասպարին չի արել իրեն վերագրվող հանցանքը:
«Ալիկ Սարգսյանը փորձել է ճեղքել ակցիայի մասնակցիներին՝ այսպիսով սադրելով նրանց: Բողոքների ազատությունն ամրագրված է ՀՀ օրենքներով և Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով: Այդ միջոցառումների ժամանակ մարդիկ իրենց դժգոհություններն են արտահայտում և դրանց ժամանակ ասված ամեն արտահայտություն չի կարող վիրավորանք համարվել», – ասել է Ռևազյանը:
Ըստ պաշտպանի՝ եթե Ալիկ Սարգսյանն իր արժանապատվությունը վիրավորված է համարում՝ կարող է քաղաքացիական դատավարության կարգով հարցը վիճարկել:
Մյուս պաշտպան Մուշեղ Շուշանյանն էլ վկայակոչել է Վճռաբեկ դատարանի որոշումներից մեկը և նշել, որ խուլիգանությունն այն արարքն է, որը կատարվում է հասարակության նկատմամբ, այլ ոչ թե որոշ մարդկանց ներկայությամբ, սակայն կոնկրետ անձի դեմ:
Մուշեղյանը հիշեցրել է, որ Գասպարին վիրավորական արտահայտություններ է արել, երբ ակցիայի մասնակցիներից մեկին՝ Լալա Ասլիկյանին, ոստիակնները հրել են ու նրա պաստառը պատրել:
«Ես նրան անվանել եմ «խուլիգան»: Պնդում եմ, որ այն, ինչ ասել եմ Ալիկ Սարգսյանի հասցեին… համարել եմ, որ բնութագրում է նրա արած գործողությունները: Ես ավելի կոպիտ բառեր կարող եմ օգտագործել, եթե դա է համապատասխանում պետական պաշտոնյաի գործողություններին»,- իր հերթին, ասել է Գասպարին:
Պաշտպան Ռևազյանն էլ հավելել է, որ դատարանը պետք է քննի Գասպարիի դեմ ցուցմունք տված վկաների ասածների արժանահավատությունը, քանի որ նրանք բոլորը տարբեր ժամանակ հարցաքննվելիս տարբեր ցուցմունքներ են տվել:
Մասնավորապես, տուժող Արթուր Բաղդասարյանն ասել է և փաստաթղթեր է ներկայացրել, թե իբր իրեն Գասպարին հարվածել է և նա գլխուղեղի ցնցում է ստացել, ապա ասել է, որ ինքը չի դիմել բժշկի: Վկաներից մյուսն էլ պնդել է, որ Գասպարին վիրավորել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, սակայն չի ասել, թե կոնկրետ ինչ բառեր է նա օգտագործել: Պաշտպանը նաև զարմանք է արտահայտել առ այն, որ մեղադրականում ասվել է, թե Գասպարին սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, մինչդեռ ոչ մի վկա նման բան չի ասել: