Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը թիվ 1 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական կարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել: Նշենք, որ այս ընտրատարածքում պատգամավորի տեղը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ անցյալ ամիս ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել էր մանդատից: Ավանը և Նոր Նորք համայնքի մի մասն ընդգրկող ընտրատարածքում առաջադրվել են նաև ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը և «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:
«Նման մտադրություն կար նաև մայիսին, սակայն ինչ-ինչ պատճառներով չառաջադրվեցի, միայն մասնակցեցի համամասնականով: Հիմա, քանի որ նման հնարավորություն ստեղծվեց, Կանաչների կուսակցությունը որոշեց առաջադրել իմ թեկնածությունը», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Դովլաթյանը:
Նրա խոսքով՝ ժամանակն է, որ խորհրդարանում կանաչներն ունենան իրենց խոսքն ու գործը, և նաև որոշակի ազդեցություն՝ որոշումների ընդունման վրա:
«Ակնկալիքները մեծ են, քանի որ տարածքը ծանոթ է, առավել ևս մայիսին զբաղվել եմ այդ տարածքով», – եզրափակել է Դովլաթյանը:
Epress.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշել է, որ Գյումրիի մի մասը և մի քանի հարակից բնակավայրերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում ՀԱԿ-ը սատարելու է Կոնգրեսի Գյումրիի շտաբի պետ Մուրադ Գրիգորյանին: Նրա դեմ պայքարելու է գործարար, «Սովրանո» ընկերության և «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը, ում սատարում է իշխող Հանրապետական կուսակցությունը: