ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը, յուրաքանչյուրն առանձին-առանձին, Գյումրիի քաղաքապետարանից անցյալ շաբաթ պահանջել են 2005-2011թթ. ողջ փաստաթղթային արխիվը, իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
ԱԱԾ-ի անանուն աղբյուրը թերթի թղթակցին փոխանցել է, որ այս կառույցին հետաքրքրում է, թե Գյումրիի քաղաքապետարանում ինչպես են ծախսվել պետության կողմից հատկացվող տարեկան մոտ 1.5 միլիարդ դրամ դոտացիոն գումարները:
«Տեղեկություններ կան, որ դրանք ամբողջությամբ փոշիացվել են, և այդ գործով մեծ աղմուկ կբարձրանա մոտ 1 ամիս անց: Մյուս կառույցները պահանջել են բոլոր այն փաստաթղթերը, որոնցում երևում է, թե քաղաքապետարանն ինչ գործարքներ է կատարել այդ տարիներին, ինչպես նաև ողջ հաստիքացուցակը՝ աշխատանքային պայմանագրերը, հայեցողական պաշտոններում նշանակումների վերաբերյալ փաստաթղթերը: Կարծիքներ կան, որ նախագահական ընտրություններից առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ է հարուցվելու, և նա հայտնվելու է ճաղերի ետևում: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում` իհարկե», – նշում է թերթը:
Նշենք, որ ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանն այս տարվա սեպտեմբերին չմասնակցեց քաղաքապետի ընտրություններին, իսկ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ սատարում է ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին, ով ընտրվեց քաղաքապետի պաշտոնում: