Այսօր ժամը 14.40-ին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից վերսկսվել են «Արմավիա» ավիաընկերության՝ առավոտյան դադարեցված չվերթները: Այս մասին Epress.am հետ զրույցում ասել է ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը:
Չվերթների դադարեցման պատճառը «Արմավիայի»՝ օդանավակայանին չվճարված պարտքերն են:
«Չվերթները վերսկսվել են, քանի որ «Արմավիա» ավիաընկերությունից խոստացել են այսօրվա ընթացքում վճարել մոտ 150.000 դոլար: Նշեմ, որ ավիաընկերության պարտքն այս պահի դրությամբ հասել է 3 միլիոն 300.000 դոլարի, այնինչ, պայմանագրով պետք է լիներ 2 միլիոն 360 հազար դոլար», – նշել է Աբրահամյանը:
Նա նաև ավելացրել է, որ պարտքի նվազման միտում չի նկատվում, հետևաբար չի կարող պատասխանել՝ ի՞նչ են անելու վաղը:
Epress.am-ի հետ զրույցում «Արմավիա» ավիաընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան ասել է, որ իրենց ընկերությունն ամեն օր մարում ու նվազեցնում է ընթացիկ պարտքը: