ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե վարչապետը չի լսել, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարի կուսակցության՝ կոալիցիոն հուշագրից դուրս գալու մասին, ասել է, որ նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ ուժի մեջ է Սևրի պայմանագիրը:
«Նույն տրամաբանությամբ եթե փորձենք շարունակել Տիգրան Սարգսյանի տրամաբանությունը, ապա պետք է ասենք, որ Տիգրան Սարգսյանը շարունակում է մնալ ԱԺՄ անդամ և, ելնելով այդ տրամաբանությունից, նա ուղղակիորեն պարտավոր է պաշտպանել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Խոսելով առաջիկա նախագահական ընտրությունների մասին՝ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ ԲՀԿ-ի որոշումից շատ բան է կախված լինելու, բայց իրենց դիրքորոշումը կհայտարարեն այն պահին, երբ իրենք նպատակահարմար կհամարեն: Զոհրաբյանը նաև նշել է, որ, իր անձնական կարծիքով, ԲՀԿ-ն պետք է նախագահական ընտրություններին մասնակցի սեփական թեկնածուով, որը պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: