Խանջյան 20 հասցեում հոկտեմբերի 25-ին փլուզված կիսակառույց շինությունն ու նմանատիպ կառույցներ Օղակաձև զբոսայգում ընդհանրապես չպետք է լինեն: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով՝ Օղակաձև զբոսայգում եղած թեթև կառույցեները, մասնավորապես, սրճարանները սկսում են հիմնավոր կառույցներ դառնալ, ինչը բացարձակապես աննպատակահարմար է, սակայն, չնայած այս ամենին, դրանք շարունակում են վերածել բետոնյա մեծ կառույցների:
«Փաստորեն, պարզվում է, որ ընդհանրապես թույլտվություն չեն ունեցել շարունակել կառույցի շինությունը, սակայն շարունակել են շինարարությունը: Երևույթը, իհարկե, շատ վատ է», – ասել է Մինասյանը:
Ըստ նրա՝ պատկան մարմինները պետք է մինչև վերջ հետևողական ու խոսքի տերը լինեն, որպեսզի նման կառույցներ ուղղակի չկառուցվեն:
«Եթե արվում է թույլատրվածից ավելին, կամ տվյալ պարագայում կառույցն անթույլատրելի է եղել, ուրեմն ընդհանրապես պետք է զրկել ու հանել կառույցները նման տեղերից: Մենք անընդհատ ասում ենք՝ «անթույլատրելի է», իսկ կառույցները շարունակում են ավելանալ: Տվյալ դեպքում հսկողությունը խիստ չի եղել. պետք է հենց սկզբից կասեցվեր շինության կառուցումը: Նման վերաբերմունքը ես համարում եմ անթույլատրելի», – շեշտել է Ճարտարապետների միության նախագահը:
Նրա խոսքով ՝ հանձնաժողովը կքննարկի տեղի ունեցածն ու այնուհետ կտա եզրակացությունը: