Հայաստանում միլիոնավոր դոլարների կորուստներ կրած և մինչ օրս տուժող չճանաչված սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանն իր գործով վճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում:
Այսօր Խուդյանի փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրել են բողոք, ըստ որի առաջին ատյանի դատարանը սույն գործով թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում: Այսօրվա նիստին, սակայն, չէին ներկայացել ՀՀ պետական եկամուտների կենտրոնի քննիչ Տիգրան Հարությունյանը և գործով դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ սա գործով արդեն երկրորդ հայցն է վերաքննիչ դատարան, քանի որ Խուդյանին պատկանած ընկերությանը կանխամտածված սնանկության հասցնելու փաստով հարուցված գործի նախաքննությունն արդեն 1.5 տարի է՝ շարունակաբար
ձգձգվում է: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր Խուդյանին մեղավոր ճանաչելու հայցը՝ այն համարելով անհիմն:
«Բանն այն է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանի վարույթում է գտնվում «Արին Կապիտալ» ներդրումային ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի կողմից կանխամտածված նյութերով սնանկության հատկանիշներ ստեղծելու փաստի առթիվ դեռ անցյալ տարվա մայիս ամսին հարուցված քրեական գործը: Սակայն ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանը որոշում է կայացրել հետաձգել Էդմոնդ Խուդյանի պահանջի լուծումն այդ քրեական գործով տուժող ճանաչելու մասին: Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը պնդում է, որ իր դեմ մի խումբ հանցագործների կատարած գործողությունների արդյունքում տուժել է ոչ միայն ինքը, այլև 1.5 միլիոն դոլարի վնաս է հասցվել պետությանը: Խուդյանի խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեն, սակայն, որևէ գործողություն չի նախաձեռնում, քանի որ հանցագործները «հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող մարդիկ են»: Ինձ հայտնի է նախագահի եղբայր Լևոն Սարգսյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք անմիջական կապ են ունեցել Վլադ Մանգասարյանի հետ»,- իր տարածած հաղորդագրության մեջ նշում է Խուդյանը: