Արագածոտնի մարզի Մելիք գյուղի վարչական տարածքում «Գլոբալ Գոլդ» ընկերության մաս կազմող «ՄեգոԳոլդ» ՍՊԸ-ն պատրաստվում է մոտ 7 հա տարածք ընդգրկող պոչամբար կառուցել: Երեկ Մելիք գյուղում տեղի են ունեցել ոսկու նոր հանքի կառուցման ծրագրի մասին հանրային լսումներ, որի մասին գյուղի հանրությունը տեղյակ չի եղել: Այս բացահայտումն արել են բնապահպանները, ովքեր անակնկալ այց են կատարել գյուղ:
«Պարզվեց, ոչ ոք չգիտի հանքի ծրագրի մասին, որը կառուցվելու է մի գոտում, որտեղ մինչև 9 բալ երկրաշարժի վտանգ կա: Մեզ տեսնելուց հետո գյուղապետը կանչեց, հավաքեց մի խումբ գյուղացիների, սակայն նրանց կարծիք հայտնել չէին կարող, քանի որ տեղյակ չէին, թե ինչ է կատարվում: Բայց հո գիտեն իրենց գյուղում երկու այլ՝ արդեն գոյություն ունեցող պոչամբարների մասին և դժգոհ են»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զառաֆյանը:
Բնապահպանների խումբն ուղևորվել է նաև տեղում ուսումնասիրելու՝ ինչ վիճակում են այդ երկու պոչամբարները: Պարզվել է, որ փոսերը լի են եղել ջրով, բաց վիճակում, առանց դրենաժային համակարգի:
Վիճակի մասին բնապահպանների կարծիքը լսելուց հետո գյուղապետը հրաժարվել է հանքի կառուցման իր համաձայնությունը տալ և պահանջել է ծրագրում մտցնել ռեկուլտիվացիա անելու մասին պարտավորություն:
Ռեկուլտիվացիան մարդկային ներգործության պատճառած վնասների վերացման, միջավայրի նախնական տեսքի բերմանն ուղված գործողություններ է ենթադրում: Հանքերի դեպքում ռեկուլտիվացիա անելու համար պետք է աղտոտված հողի մի շերտ գոնե հանել, ծածկել բաց պոչամբարները, հատուկ ծառեր տնկել, որոնք ծանր մետաղները կլանում են:
Բացի հին պոչամբարների խնդրից, գյուղացիները բարձրացրել են նաև իրենց գյուղում ոռոգման համակարգի հարցը՝ խնդրելով նոր հանքեր կառուցելու փոխարեն ոռոգում ապահվել, որպեսզի իրենք կարողանան զգաղվել գյուղատնտեսությամբ:
Ըստ «Էկոլուրի» հաշվարկների՝ եթե հանքը շահագործվի, այն շրջակա միջավայրին կհասցնի 4426.62 հազար դրամի տնտեսական վնաս:
Այժմ գյուղում սպասում են, թե ինչպես «Գլոբալ Գոլդ» ընկերությունը կարձագանքի իրենց պահանջներին: