«Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող «Թեղուտ» ընկերությունը և նրա կողմից ստեղծված «Մանես» հիմնադրամը պարբերաբար հայտարարություններ են տարածում Շնող գետի «մաքրման» աշխատանքների վերաբերյալ, իր հայտարարության մեջ նշում է «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնությունը: Խնդրին անդրադառնալով՝ բնապահպանները լուսանկարներ են տարածել՝ ընդգծելով, որ դրանք փաստում են, թե Շնող գետի աղետալի վիճակն իրականում պայմանավորված է հենց այդ հանքարդյունաբերող ընկերության գործունեությամբ: Նրանք առաջարկում են «մաքրման» աշխատանքների փոխարեն, չաղտոտել գետը:
«Ընկերությունը շինարարական նպատակներով վերցնում է գետի ջրի զգալի մասը (ինչի արդյունքում այն սակավաջուր է դառնում) և կեղտաջուրը թափում գետը:
Շնող գետ են թափվում նաև «Թեղուտ» ընկերության կոյուղաջրերը», – ասված է բնապահպանների հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ Շնող գետը Թեղուտ և Շնող համայնքների (3908 հոգի) համար ոռոգման հիմնական աղբյուրներից է:
Լուսանկարները տրամադրել է «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնությունը