ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ աշխատանքից ազատել է Կոտայքի մարզի քննության օրինականության վերահսկողության տեսչության դատախազ Մեսրոպ Մանրիկյանին, գրում է «168 ժամ» պարբերականը:
Մանրիկյանը և նրա որդին՝ Ալբերտը, մասնակցել էին մայիսի 12-ին տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում ծեծի էին ենթարկել «Ռեգնում» գործակալության հայաստանյան խմբագրության ղեկավար Ռուբեն Գրդզելյանին: Հոկտեմբերի 9-ին դատարանը Ալբերտ Մանիկյանին մեղավոր է ճանաչել 117 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք հասցնելը) և տուգանել նրան 50.000 դրամով: Դատախազի որդին հայց էր ներկայացրել Գրդզելյանի դեմ, սակայն լրագրողը անմեղ է ճանաչվել:
«168 ժամը» նշում է, որ Մանրիկյանին աշխատանքից ազատեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից դեպքի մասին բարձրաձայնելուց հետո:
«Դատախազի կոչմանը ոչ վայել իրավիճակում հայտնվելու դեպքում, մնում է անպատիժ: Այսինքն, դատախազը փողոցում կռիվ է սարքում, պարզ է՝ աղմուկից հետո քրեական գործ է հարուցվում, և հետո չեղած վկա ներգրավելով, բոլոր հնարավոր, անհնար միջոցներով տանում են և ուրիշին են ուզում դատապարտել», – հայտարարել էր Սերժ Սարգսյանը քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ:
Հիշեցնենք, որ խորհրդակցությունից հետո աշխատանքից ազատվել էր նաև Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանը: