«Հրապարակ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ շենքի տանիքից ընկած և մահացած 27-ամյա Դավիթ Գևորգյանի հարազատներից մեկի հետ, ով չի ցանկացել, որպեսզի իր անունը հրապարակվի: Թերթը հիշեցնում է, որ երիտասարդը մահացել է սեպտեմբերի 7-ին, նա Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ էր և ՀՀԿ գրասենյակի շենքում մասնակցել էր տանիքի կառուցման աշխատանքներին:
«Հրապարակի» փոխանցմամբ՝ այս պատմության մեջ բազում մութ էջեր կան:
«Նախ այն, որ ի սկզբանե ՀՀԿ-ն ամեն ինչ արել է՝ խնամքով թաքցնելու տեղեկությունը, ապա՝ որ դեպքից ավելի քան երկու ամիս անց քրեական գործ չի հարուցվել, իսկ ոստիկանությունից ասում են, թե սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, որից հետո նոր միայն պարզ կդառնա՝ կհարուցվի՞ քրգործ, թե՞ ոչ։ Մինչդեռ օրենքն ասում է, որ 10-օրյա ժամկետում պետք է լուծվի քրգործ հարուցել-չհարուցելու հարցը։ Եթե 10 օրում չեն հայտնաբերվում հանցակազմ պարունակող տարրեր, գործի հարուցումը մերժվում է։ Իսկ ամենազարմանալին թերևս այն է, որ մեր զրուցակիցը (մահացածի բարեկամը – խմբ.) չցանկացավ իր անունը տեսնել մեր էջերում։ Նա չէր թաքցնում զայրույթը, թե ով է այս տեղեկությունը մեզ տվել, որ մենք «այսքան աղմուկ» բարձրացնենք», – նշում է թերթը:
Գրիգորյանի բարեկամը նշել է, որ իրենք չեն ուզում «շուխուր» լինի:
«Մենք այսօր այն վիճակում էլ չենք, որ ինչ-որ բաների հետևից ընկնենք: Քննիչը մեզ էլ է ասել, որ դատաբժշկի եզրակացություն դեռ չեն ստացել և դրա համար գործ չեն հարուցել։ Հիմա մեզ համար էականը դա չէ՝ գործ կհարուցվի՞, թե՞ չի հարուցվի, լինելու բանը եղավ, և մենք ոչ մի բան չենք կարող հետ բերենք», – ասել է թերթի զրուցակիցը:
Լրագրողի այն հարցին, թե ինչի հետևանք է եղել դեպքը՝ գուցե տեխնիկական կանոններ չեն պահպանվել կամ միտումնավոր ինչ-որ բան է եղել, թերթի զրուցակիցը նշել է, որ այդ ամենը կպարզվի քննությունից:
«Գիտենք, որ սայթաքել է: Չէ, այն միջավայրը չէ, որ ինչ-որ միտումնավոր բան լինի», – ասել է նա:
Բարեկամը նաև նշել է, որ ՀՀԿ-ից իրենց ոչ ոք չի այցելել ու ցավակցել և ընտանիքին ֆինանսական աջակցություն նույնպես չի ցուցաբերվել: