Երեկ 2013 թվականի պետական բյուջեի քննարկման և կառավարության հետ ԱԺ պատգամավորների հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ կրթության և գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանն իր պլանշետով մի քանի ժամ զվարճանում էր ինտերնետում և այնտեղ գտած, իր կարծիքով, հետաքրքիր տեսահոլովակները բուռն քննարկում կառավարության այլ անդամների հետ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Երևի հիշում եք, որ 2012 թվականի բյուջեի քննարկման ժամանակ էլ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էր շարիկ գլորում պլանշետով: Մեր թղթակիցը վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրել է, թե իչնպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ իր ղեկավարած կառավարության անդամը երկրի գլխավոր փասթաթղթի քննարկման և կառավարության հարցուպատասխանի ժամանակ էլեկտրոնային սարքով համացանցում ժամանակ է անցկացնում: «Իսկ Դուք հանրության տեսակետն ունե՞ք այդ հարցի շուրջ: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում», – ակնհայտորեն շփոթված փորձել է ուղիղ պատասխանից խուսափել վարչապետը: «Որպես քաղաքացի՝ վատ», – թղթակցի պատասխանը ստանալով՝ Սարգսյանը ևս մեկ ճշտում է արել. «Այսինքն՝ մեր կառավարության անդամը սոցիալական ցանցի՞ց է օգտվել»:
«Առաջին հերթին, պետք է պարզենք, թե iPad-ով ին՞չ տեղեկատվություն է այդ պահին այս կամ այն նախարարը որոնում: Ես դա համարում եմ դրական՝ այն առումով, որ շատ հաճախ պատգամավորները հարցեր են հնչեցնում, և դրանց պատասխանները մենք պետք է կարողանանք որոնել հենց նաև մեր տեղեկատվական բազաներից», – վերջապես ինչ-որ պատասխան է գտել վարչապետը:
Մինչ վարչապետը կենթադրի, որ Աշոտյանը ինտերնետում պատգամավորների տված հարցերի պատասխանն է որոնում, մենք լուսանկարը ուշադրությամբ դիտելով պարզեցինք, որ նա «պլանշետով» բոդիբիլդինգին նվիրված ինչ-որ տեսահոլովակ է դիտում (նկարում): Եթե վարչապետը ենթադրություններ է անում, ապա մենք էլ կարող ենք ենթադրել, որ Արմեն Աշոտյանի՝ բոդիբիլդինգով այդքան հետաքրքրված լինելը պայմանավորված է մեր կրթական համակարգում ծրագրվող փոփոխություններով: ՀՀԿ-ական նախարարը, հասկանալով, որ ինտերնետից ազատ ժամանակ չի հասցնում զբաղվել կրթությամբ և բարձրացնել կրթության որակը, ուստի ծրագրում է դպրոցներում նոր առարկա մտցնել՝ «բոդիբիլդինգ»: Եթե չի հաջողվում երեխաների ուղեղները զարգացնել, ապա պետք է փոխել ուղղությունը՝ զարգացնել նրանց բիցեպսները և տրիցեպսները: Գուցե սա ստացվի՞: Համենայնդեպս, պետք է հավատալ, որ կփոխվի», – իր դիտարկումները ներկայացրել է թերթը:
Հոդվածի հետագրության մեջ «ՀԺ»-ն նշում է, որ երեկ, ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, Արմեն Աշոտյանը անդրադարձել է աշխատանքային ժամերը «Facebook» սոցիալական ցանցում ացնկացնելու վերաբերյալ իր հասցեին հնչած մեղադրանքներին:
«Իմ ազատության իրավունքները, խնդրում եմ, որևէ մեկը չսահմանափակի», -ասել է նա:
«Փաստորեն, ինչպես աշխատանքային ժամերին «Facebook»-ում լինելն է նախարար Աշոտյանի իրավունքը, այնպես էլ՝ ԱԺ-ում պետբյուջեի քննարկման ժամին բոդիբիլդինգի մասին տեսահոլովակ նայելը: Անքակտելի իրավունք է, բան չունենք ասելու», – հավելում է թերթը: