Home / Հայաստան / ԵվրԱզԷՍ-ի և ԵՄ-ի շրջանակներում ընթացող պրոցեսները չի կարելի հակադրել. վարչապետ

ԵվրԱզԷՍ-ի և ԵՄ-ի շրջանակներում ընթացող պրոցեսները չի կարելի հակադրել. վարչապետ

Ռուսաստանը համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկերը և մեր երկիրը շահագրգռված է երկկողմ կապերի ընդլայնմամբ և խորացմամբ: Այս մասին այսօր ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Հայաստանը հետաքրքրված է ԱՊՀ-ի և ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներով: Հայաստանի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ նշվել է. քանի որ Հայաստանը չունի ընդհանուր սահմաններ Մաքսային միության երկրների հետ, ուստի մեր երկրի հետ պետք է ձևրավորվեն համագործակցության հատուկ մեխանիզմներ: Նախագահների հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ պետք է առաջարկի նոր գործիքակազմ, որոնք կօգտագործենք այդ ինտեգրացիոն գործընթացներում»,- Տիգրան Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ կառավարության կայքը:

Միաժանմանակ, վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է նաև Եվրամիության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներով:

«ԱՊՀ-ի, ԵվրԱզԷՍ-ի և ԵՄ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն պրոցեսները չի կարելի հակադրել միմյանց, հակառակը՝ դրանք պետք է տեսնել և դիտարկել որպես միմյանց փոխլրացնող հարաբերություններ: Մենք շահագրգռված ենք ԵՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներով, և այսօր մեզ համար առաջնային նշանակություն ունի Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները մեկնարկել են ընթացիկ տարվա փետրվարին և նախատեսվում են ավարտել 2013 թվականի վերջին»,- ասել է վարչապետը: