Home / Հայաստան / ՎԻԴԵՈ. Զրոյական հանդուրժողականություն. Ազատության քայլերթ՝ Երևանում

ՎԻԴԵՈ. Զրոյական հանդուրժողականություն. Ազատության քայլերթ՝ Երևանում

ՀԱԿ-ը հայտարարում է զրոյական հանդուրժողականություն ռեժիմի որևէ ոտնձգության դեմ՝ քաղաքացիների ազատությունների նկատմամբ: Այս մասին այսօր ազատազրկման դատապարտված ՀԱԿ երիտասարդների համար կազմակերպված Ազատության քայլերթից առաջ ասել է Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն  Զուրաբյանը:

Երթի մասնակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել բանտում գտնվող Տիգրան Առաքելյանին և անմեղ ճանաչել ինչպես Առաքելյանին, այնպես էլ մյուս երեք երիտասարդներին՝ Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին:

«Եվ այո՛,  հենց մեկ մարդու համար, հենց մեկ Տիգրան Առաքելյանի համար մենք պետք է երկիրը խառնենք, եթե պետք է: Որովհետև եթե թույլ ես տալիս գոնե մեկ քաղբանտարկյալի առկայությունը քո երկրում, դա նշանակում է, որ դու դուռ ես բացում երկրում  բռնապետության հաստատման համար, հենց սա է, որ մենք թույլ չենք տալու: Եվ ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում հետևողականորեն շարունակել այս պայքարը ռեժիմի դեմ,  բռնապետության դեմ՝ հանուն ժողովրդավարության», – ասել է Լևոն Զուրաբյան:

ՀԱԿ անդամ, դերասան Աշոտ Ադամյանն էլ իր ելությում նշել է, որ այսօր քայլերթին հավաքվել են ոչ միայն տղաների համար, ոչ միայն ազատության խոսքը և ճշմարտության ձգտումն իրականության դարձնելու համար, ոչ թե նրա համար որ ինչ-որ մեկին ցուցադրեն, այլ այն պատճառով, որ հավաքված մարդիկ մտադրված են այդպես ապրել, ունենան արժանապատիվ երկիր:

«Այս ոտնձգությունը տղաների դեմ ցույց է տալիս մի բան. նախ ցանկացած մեկը այստեղ, ոստիկան կլինի, ով ուզում է լինի՝ այս հանցավոր իշխանության կողմից նրանք բոլորը դատապարտված են անդադար լինեն ոչ ադեկվատ վերաբերմունքի թիրախ: Ուստի այսօր տղաների ազատությանը հասնելու համար պետք է պատրաստ լինել՝ գնալ ամեն ինչի, յուրաքանչյուր կեղծիքի դեմ: Եթե գործողությունները լինեին մաքուր և արդար, ոչ այս խնդիրը կլիներ, ոչ էլ մենք այստեղ հավաքված կլինեինք», – ասել է Աշոտ Ադամյանը:

Ազատության քայլերթը մեկնարկեց Խնկո Ապոր գրադարանի մոտից, քանի որ 2011 թվականի օգոստոսի 9-ին հենց այդ տարածքից էին երիտասարդները բերման ենթարկվել:

Երթի ժամանակ երիտասարդները ձեռքներին պահել էին հետևյալ գրությամբ պաստառներ՝ «Խուլիգան ոստիկաններ», «Պատժել դատախազին», «Ազատություն երիտասարդներին», իսկ «Fuck Սերժի սիստեմ» գրությամբ պաստառը ոստիկաններից մեկը խլել էր երիտասարդների ձեռքից: