Հայաստանը քաղաքական կռապաշտության երկիր է. հայերը սիրում են կուռքերին ու կուռքեր են ստեղծում, ու դրանք տարբեր են լինում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքական գործիչ, դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:
«ԲՀԿ-ի պարագայում կուսակցական կուռքը Գագիկ Ծառուկյանն է, ՀՀԿ-ի պարագայում կուռքերը ներմուծվում են դրսից, այսինքն՝ արտաքին աշխարհից պատվաստվում են կուռքեր, որոնք դառնում են ՀՀԿ-ի լիդերներ՝ Աշոտ Նավասարդյանից հետո: Անդրանիկ Մարգարյանին չեմ դասում այդ շարքերը, քանի որ նա ղեկավարեց կուսակցությունը խորհրդարանի ողբերգական գնդակահարումից հետո, ու թեև նա իր բալանսավորող դերն ունեցավ, սակայն որոշիչ չեղավ», – ասել է Մելիքյանը:
Բանախոսի հավաստմամբ՝ քաղաքական դաշտում այսօր տիրում է այդ նույն կռապաշտությունը:
«Անգամ, եթե քաղաքական ուժերը, կուսակցությունները ընդհանուր հայտարարի գան ու իրենց միջից մի թեկնածու «ծնեն», այդ թեկնածուն ընտրական գործընթացում հաղթելու հնարավորություն չի ունենա: Դա այդպես չէ», – ասել է Մելիքյանը:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ քաղաքական ուժերը կաթվածահար վիճակում են, որովհետև չկա քաղաքական օրակարգ:
«Միակ խնդիրը իշխանության հասնելն է, իշխանությունը պահելը, կամ իշխանությունից մասնաբաժին ունենալը: Այսքանով ավարտվում է քաղաքական օրակարգը», – ասել է բանախոսը:
Մելիքյանի համար հասկանալի չէ վերջին շրջանում ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի կողմից հաճախ շահարկվող թեզը՝ «թե կարևոր չէ՝ ով է ասում, կարևոր է՝ ինչ են ասում»:
«Սա բացարձակ սուտ ու կեղծ մոտեցում է: Չի կարող ճշմարտությունը հնչեցվել ստախոսի բերանով, որովհետև այդ պարագայում ճշմարտությունը կորցնում է իր ուժը, ուստի միայն այն դեպքում, երբ ասողը իրականում սկզբունքի կրողն է, այդ ասելիքը արժեք է ձեռք բերում: Սա ևս այսօրվա մեր իրողությունն է, ու կարծում եմ, որ կուսակցությունները խոսեն էլ, չխոսեն էլ՝ ելքը չեն գտնելու, որովհետև մենք պետք է մեր խնդիրներն այլ հարթության վրա դնենք: Առաջիկա տարիներին իրական ներքին համախմբում է պետք ու իշխանության նկատմամբ վստահություն, ինչն այսօր չկա ու ստեղծված պայմաններում չի կարող զրույց ձևավորվել», – նշել է Մելիքյանը:
Նա նաև չի բացառել առաջիկա նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու փաստը: