Այս օրերին Հայաստանում է գտնվում Մեծ Բրիտանիայից ժամանած գործարարների պատվիրակությունը, որի անդամները պատրաստվում են ներդրումներ կատարել ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, կրթության և անգլերեն լեզվի ուսուցման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
«Տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ մեզ համար առաջնահերթություն է»,- ներկայացնելով պատվիրակության անելիքները՝ լրագրողներին հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Միացյալ Թագավարության դեսպան Քեթրին Լիչը:
Այն հարցին, թե որքանով է Հայաստանի բիզնես միջավայրը մրցակցային և բարենպաստ տնտեսական գործունեություն սկեսլու համար՝ Լիչը պատասխանել է.
«Ամբողջ աշխարհում մրցակցությունը մեծ է, քանի որ միջազգային ներդրումները պակասել են ողջ աշխարհում: Հայաստանը, ինչպես վկայում է նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության ցուցանիշները, կոռուպցիան դեռ պետք է հաղթահարի, սա մտահոգիչ է», – ասել է Լիչը:
Բրիտանացի գործարարների պատվիրակության անդամները Հայաստանում համապատասխպան ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո ուղևորվելու են Վրաստան, քանի որ առաքելությունը տարածաշրջանի այդ երկու երկրներում բիզնես սկսելուն է ուղղված:
Բրիտանական արդյունաբերական «Lydian International» ընկերությունը արդեն Հայաստանում սկսել է արդյունաբերական գործունեություն ծավալել. այն հանդիսանում է Ամուլսարի նախագծի (ոսկու հանքի շահագործում) 100%-անոց բաժնետերը: Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ են բնապահպաններն ու ակտիվիստները, ովքեր համոզված են, որ շահագործումը Ջերմուկի էկոհամակարգի համար մեծ ռիսկեր է պարունակում: Այն հարցին, թե արդյոք Մեծ Բրիտանիայի կառավարությունը գոհ է «Lydian International»-ից և նոր եկող հանքուարդյունաբերողները նման սկզբունքներով են արդյոք աշխատելու՝ դեսպանը պատասխանել է.
«Lydian International»-ը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի կողմից, ովքեր բնապահպանական ստանդարդների պահպանումն առաջնային են համարում: Կարծում եմ, որ ընկերությունը աշխատում է համայնքների հետ քննարկումներ անցկացնելով և հանրային լսումներ անելով»,- ասել է Քեթրին Լիչը: