Հոկտեմբեր ամսին Սննդի անվտանգության պետական տեսչությունը հայտարարություն էր տարածել՝ ահազանգելով, որ մի քանի հավկիթ արտադրող ընկերությունների արտադրանք հին է:
Այդ ընկերությունների թվում էր նաև «Արաքս» թռչնաֆաբրիկան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Մակարյանը տեղեկացրել է, որ իրենց մակնշումն ինչ-որ մեկը կեղծել է:
«Դիմեցինք Վաղարշապատի ոստիկանության բաժին, նյութեր նախապատրաստվեցին, ու նոյեմբերի 20-ին Վաղարշապատի քննչական բաժնից մենք ստացանք գրություն: Անցկացված փորձաքննության համաձայն, այդ հավկիթների թվերը չեն համապատասխանում մեր ընկերության կողմից մակնշված ձվերին: Եվ հարուցվել է քրեական գործ, որի համաձայն մեր ընկերությունը դիտվում է որպես տուժող կողմ», – ասել է Գագիկ Մակարյանը:
Նա հավաստիացրել է, որ իրենց ընկերությունը հետամուտ է լինելու, որպեսզի պարզվեն բոլոր հանագամքնները, բոլոր մեղավորները, կեղծարարները և նրանց հովանավորները:
Ինչ վերաբերվում է ձվի պիտանելիության ժամկետին, ապա Մակարյանը նշել է, որ 7 օր պիտանելիություն ունեցող հավկիթը համարվում է դիետիկ, բայց ձվի պիտանելության ժամկետը 25 օր է՝ արտադրման օրվանից սկսված:
Ասուլիսին ներկա էր նաև «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը, ով նշել է, որ պետք է օբյեկտիվ նայել և՛ թերություններին, և՛ դրական տեղաշարժերին:
Նրա խոսքով՝ այժմ դժվար է շուկայում գտնել չմակնշված ձու, սակայն վիճակը դեռ հեռու է դրական լինելուց:
Ինչ վերաբերվում է դրսից ներկրված ձվերին, Արմեն Պողոսյանն ասել է.
«Շուկայում պետք է լինի և՛ բուլղարական, և՛ բրազիլական, բայց մերը պետք է գերակշռի որակով, մատչելիությամբ, գնով և մեր ինքնասիրությունը պետք է թելադրի, որ մենք հայկականը գնենք, խոսքը միայն ձվի մասին չէ, սա կոչվում է սպառողական վարքագիծ, դրական վարքագիծ»,- ասել է Պողոսյանը:
Նա կոչ է արել սպառողներին՝ թերությունների նկատմամբ անողոք լինել ու անմիջապես ահազանգել կամ սննդի պետական տեսչություն, կամ հասարակական կառույցներին:
Լրագորղները հետաքրքրվել են, թե արդյոք Ամանորի նախաշեմին ձուն չի թանկանա, ինչին ի պատասխան Գագիկ Մակարյանն ասել է, որ եթե կերը թանկացավ՝ ձուն կթանկանա: