Home / Հայաստան / ՀԱԿ ակտիվիստը Սերժ Սարգսյանի շահերը սպասարկող դատարանից ակնկալիք չունի

ՀԱԿ ակտիվիստը Սերժ Սարգսյանի շահերը սպասարկող դատարանից ակնկալիք չունի

Ազատազրկման դատապարտված Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները որևէ ակնկալիք չունեն Սերժ Սարգսյանի շահերը սպասարկող դատարաններից: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը, ով մասնակցում էր ՀՀ դատախազության առջև այսօր անցկացվող բողոքի ակցիային: Հիշեցնենք, որ Գևորգյանի և իր երեք ընկերների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի ու Դավիթ Քիրամիջյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, համաձայն որի երիտասարդները պետք է դատապարտվեն 2-ից 6 տարվա ազատազրկման: Այս պահին անազատության մեջ է միայն Տիգրան Առաքելյանը, իսկ մյուս երեքի նկատմամբ ազատազրկումը կկիրառվի, եթե Վճռաբեկ դատարանը նույնպես անփոփոխ թողնի այդ որոշումը:

ՀԱԿ ակտիվիստների փաստաբան Վահե Գրիգորյանը երեկ արդեն ուղարկել է իրենց բողոքը Վճռաբեկ դատարան, որը մեկ ամսվա ընթացքում պետք է որոշումը կայացնի:

«Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի Վճռաբեկ դատարանը, և եթե անգամ որոշի, որ մենք ազատազրկվելու ենք, ես մինչև իմ ազատության մեջ մնալու վերջին օրն էլ ընկերներիս հետ միասին պայքարելու եմ այս իշխանությունների դեմ: Ինչ վերաբերվում է Վերաքննիչ դատարանի որոշմանը, ապա դա աննախադեպ որոշում էր,  և ապօրինի որոշում, քանի որ դատական նիստերի ժամանակ դատավորը չթույլատրեց մեզ հանդես գալ վերջին խոսքով և պաշտպանական ելույթներով, ինչպես նաև մերժում էր մեր բոլոր ինքնաբացարկների միջնորդությունները: Եվ  բազմաթիվ այլ խախտումներից բացի, հենց միայն սա հաշվի առնելով արդեն իսկ Վճռաբեկը պետք է հետ ուղարկի այս գործը», – ասել է Սարգիս Գևորգյանը:

Նշենք նաև, որ այսօր, ակտիվիստներից բացի, ՀՀ դատախազության մոտ էին նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լյուդմիլա Սարգսյանը, ՀԱԿ ներկայացուցիչներ Վահագն Խաչատրյանը և Վահագն Հայոցյանը: