Դեկտեմբերի 20-ին, ժամը 09.15-ի դրությամբ Հայաստանում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Համաձայն պաշտոնական տվյալների, դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Ապարան-Սպիտակ (Ծաղկահովիտ-Ալագյազ, Արագած-Լեռնապար, Միրաք-Մելիքգյուղ-Ռյա Թազա, Լանջիկ-Մաստարա), Օթևան, Գառնահովիտ, Հակկո գյուղերի ավտոճանապարհները և Սյունիքի մարզի Զանգեր կոչվող հատվածը: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների՝ սահելու դեմ շղթաների կիրառման դեպքում և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
ԱԻ նախարարությունը հայտնում է նաև, որ Հայաստանի շրջանների զգալի մասում դեկտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսին, դեկտեմբերի 21-ին, և արևմտյան շրջաններում դեկտեմբերի 22-ին սպասվում են տեղումներ:
Լեռնային շրջաններում և լեռնանցքներում կլինի բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-22-ը աստիիճանաբար կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով, 23-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում այսօր օրվա երկրորդ կեսին և վաղը սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 20-ի գիշերը, 22-24-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: