Այսօր ՀՀ Վերահսկիչ պալատն այդ կառույցի ղեկավար Իշխան Զաքարյանի գլխավորությամբ անցկացնելու է խորհրդի նիստ, որի շրջանակներում հայտարարվելու է պալատի առաջիկա անելիքների մասին, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով, Պալատի պատմության մեջ առաջին անգամ կառույցն օպերատիվ ստուգումներ և վերահսկողություն է սահմանելու 2013 թվականի բյուջեի նկատմամբ:
«Սովորաբար Պալատը սպասում էր մինչև բյուջեն «կմսխեին», հետո մտնում և արձանագրում էր, թե որ գերատեսչությունն ինչ չարաշահումներ է թույլ տվել: Հիմա կարգը փոխվել է, և պալատը ի սկզբանե վերահսկելու է, թե ինչպես է կատարվում բյուջեն», – գրում է «ՉԻ»-ն:
Թերթն ընդգծում է, որ այս տարի Վերահսկիչ պալատը թիրախավորել է երկու ոլորտ՝ Պետական գնումների համակարգը և շինարարությունը:
Իշխան Զաքարյանն առաջարկել է խորհրդարանական խմբակցություններին համագործակցել Պալատի հետ և ամեն խմբակցությունից ներկայացուցիչ է հրավիրել մասնակցելու Պալատի նիստերին և ստուգումներին:
«ՉԻ»-ն նշում է, որ ՀԱԿ-ից Պալատի աշխատանքներին մասնակցելու է Գագիկ Ջհանգիրյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը: