Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ 23-ամյա Հայկ Կարապետյանին ոստիկանությունում ծեծի ենթարկելու մասին բողոք դիմումը, որը ոստիկանությանը հանձնել էր Հայկի քույր Նարինեն, հետ է ուղարկվել՝ այն փաստարկով, թե բողոքը չի հիմնավորվել և ուստի քրեական գործ չի հարուցվելու: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայկ Կարապետյանի փաստաբան Անի Թորոսյանը: Այժմ Նարինե Կարապետյանը պահանջել է, որպեսզի ոստիկանությունը տրամադրի նման պատասխանի հիմքերը, որից հետո կողմը կորոշի՝ ինչ ձևաչափով բողոքարկել այդ գրությունը:
Հիշեցնենք, որ Կարապետյանի հարազատները Epress.am-ին ավելի վաղ հայտնել էին, որ նրան կալանավորել և ոստիկանությունում դաժան ծեծի էին ենթարկել, արդյունքում՝ Հայկն ուժեղ գլխացավեր է ունեցել, ստամոքսի հետ կապված խնդիրներ, մարսողության խանգարում, շատ դժվարությամբ է ոտքերը գետնին դրել, քանի որ հիմնականում ռետինե մահակներով հարվածել են ոտքերի տակի հատվածին:
Կալանքի մասին ոստիկանության որոշումը ևս, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալի իրավունքների ոտնահարման արդյունք է եղել: Այս մասին Թորոսյանի բողոքն այժմ Վճռաբեկ դատարանում է:
Երեկ Հայկ Կարապետյանի գործով տեղի է ունեցել ևս մեկ դատավարություն:
Դատախազը բողոքարկել էր Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանի որոշումը՝ երկամսյա կալանքը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը մերժելու մասին: Վերաքննիչը ևս երեկ մերժել է բողոքը: Այսպիսով՝ Հայկ Կարապետյանը շարունակելու է ազատության մեջ մնալ: